Լրահոս

10.05.2014 11:29


Դ. Բաբայան. «Ղարաբաղի վերադարձը փոխզիջում չէ. զիջում է, այն էլ՝ կապիտուլյացիայով»

Դ. Բաբայան. «Ղարաբաղի վերադարձը փոխզիջում չէ. զիջում է, այն էլ՝ կապիտուլյացիայով»

ԳԱԼԱ–ի փոխանցմամբ՝ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարության վերաբերյալ այսպիսին է. «Հակամարտությունը պետք է այնպես կարգավորվի, որպեսզի հետագայում լինի, այսպես ասած, ամուր խաղաղություն եւ կողմերից որեւէ մեկը չգայթակղվի մյուս կողմի թույլ կողմերով, կամ խոցելի ուղղություններով, որ հնարավոր լինի նրա համար սկսել նոր պատերազմ: ԼՂՀ անվտանգության համակարգը ներկա դրությամբ լիովին բավարարում է մեր պետության անվտանգությանը: Պատմությունը մեզ ցույց է տվել, որ Ադրբեջանը գայթակղվել է, քանի որ մենք եղել ենք շրջափակված, եւ սկսվել է պատերազմը, եւ որեւէ մեկը, որեւէ արտաքին ուժ չի կարողացել կանգնեցնել պատերազմը: Պատերազմը կանգնեցրել ենք մեր իսկ սեփական արյունով, հետեւաբար, քսան տարի արդեն պահպանվում է այն, ինչ կա, լավ կամ վատ, պահպանվում է: Այո, կան կրակոցներ, եւ, դժբախտաբար, զոհվում են մարդիկ, համեմատությունս գուցե տեղին չլինի, բայց սահմանում ավելի քիչ մարդ է զոհվում, քան ճանապարհատրանսպորտային պատահարներից: Մենք տեսել ենք պատերազմը, տեսական մոտեցումները չեն գործում, մեզ որեւէ մեկը չի կարող համոզել, թե գիտեք՝ վերադարձը կարող է նոր պատերազմից խուսափում լինի, իսկ միգուցե խուսափենք այդ պատերազմից, ու Արցախը ոչնչանա, ո՞վ է մեզ երաշխիք տալու, կամ ի՞նչ երաշխիք պետք է ուզենք մենք որեւէ մեկից, եթե հենց մենք ենք այդ երաշխիքի ապահովողները»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր հակամարտություն խաղաղ ճանապարհով լուծելու դեպքում կողմերը պետք է գնան փոխզիջումների, ինչին, մեղմ ասած, այժմ երկու կողմերն էլ պատրաստ չեն: Ուստի նա գտնում է, որ Ջ.Ուորլիքի հայտարարությամբ առանձնապես անհանգստանալ պետք չէ. այն հնարավոր է՝ հենց առաջիկայում էլ փոփոխության ենթարկվի:

«Յուրաքանչյուր հակամարտություն եթե ուզում են լուծել խաղաղ ճանապարհով, պետք է լինի փոխզիջում: Ղարաբաղի վերադարձը փոխզիջում չէ, զիջում է, այն էլ՝ կապիտուլյացիայով, չեմ կարծում, թե ճնշումներ կլինեն, սա ուղղակի ԱՄՆ տեսլականն է, որը հնարավոր է՝ փոխվի: Աշխարհում ոչ մի հստակ բան չկա, որ հարատեւի հազարամյակներ շարունակ: Մենք կարծում ենք, որ տարիներ, տասնամյակներ կպահանջվեն մինչեւ իրավիճակը կարգավորվի, մանավանդ որ Ադրբեջանում որեւէ փոխզիջում չեն տեսնում: Այնտեղի ոստիկաններն ասում են` մենք կխմենք հայերի արյունը, հետեւաբար պետք է այս ամենը թարմացվի, շատ բաներ, մոտեցումներ ինչ-որ կերպ վերահստակեցվեն, քանի որ սա այնպիսի մի իրավիճակ է, որ պայթյունավտանգ կարող է լինի, եթե փոփոխվի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը եւ կողմերից մեկը ստանա առավելություն մյուսի նկատմամբ»,-գտնում է Դավիթ Բաբայանը:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը