Լրահոս

10.05.2014 22:21


Պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը

Պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը

Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Այցի շրջանակներում նախատեսվում են Սարգսյան–Օլանդ առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Նրանք կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Սերժ Սարգսյանի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ընթրիք:

Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև Սարգսյան–Օլանդ մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նրանք կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին:

Այս խորագրի վերջին նյութերը