Մեկնաբանություն

12.05.2014 09:07


Տաշած քարերի երկիր Հայաստանս

Տաշած քարերի երկիր Հայաստանս

Հայաստանը քարերի երկիր է։

Ընդհանրապես, քարերի հետ կապված, բազում ժողովրդական խոսքեր կան։ Օրինակ՝ ընդունված է հայ ժողովրդին քարից հաց քամող համարել։

Ասում են նաև, որ տաշած քարը գետնին չի մնում։ Այս ձևակերպումը մեզանում քաղաքականացվել է՝ դառնալով կարգախոս և սկզբունք։

Իշխանությունները ոչ մի «տաշած քար» պաշտոնյայի գետնին չեն թողնում։ Մի տեղից հանում, մյուս տեղն են տանում։ Արդյունքում ստացվում է, որ ՀՀ պետական կառավարման համակարգը չինովնիկների փակ ակումբ է։ Դժվարը մտնելն է։ Եթե մտար, ապա հավերժ կմնաս։ Ռակիրովկա կլինես, վերև կբարձրանաս, ներքև կիջնես, բայց կմնաս։

Իշխանական բուրգի ներսում կա նաև «տաշած քարերի» «շտռաֆ բատ»։ Դա նախագահական նստավայրն է։ Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր կորցնում են իրենց նախարարական կամ այլ տիպի պաշտոնները, դառնում են Սարգսյանի խորհրդականներ։ Ասել է թե՝ ոչ մի վատ աշխատանք առանց խրախուսանքի չի մնում։

Խորհրդականների հաստիքը «բեզռազմեռնի» է։ Ու որքան շատանում են Սերժի խորհրդական նախկին նախարարները, այնքան ավելի վատ արդյունքներ են արձանագրվում պետական կառավարման ոլորտում։

Սերժ Սարգսյանը «տաշած քար» չի թողնում գետնին նաև «ընդդիմադիր» դաշտում։ Նա բոլորին ապահովում է աշխատատեղով։ Ճիշտ է, մյուսների պես կաբինետ չի տրամադրում ու խորհրդական չի նշանակում, բայց «ընդդիմադիր» դհոլներին գետնին չի թողնում։ Նույնիսկ ամենադիշովկեքին մի բան առաջարկում է։ Մեկին պառլամենտում է նստեցնում, մյուսին՝ կուսակցական գրասենյակում, երրորդին ուղարկում է «1in.am»–ներին հարցազրույցներ տալու, չորրորդին կանգնեցնում է փողոցում, բայց տաք թեյն ապահովում է։

Մի խոսքով, «ընդդիմադիր» տաշած քարերը պետք է որ դժգոհ չլինեն Սերժ Սարգսյանից։ Իսկ այն, որ կաբինետային չեն, ժանրի կանոնների պահանջն է։

Բանն այն է, որ «ընդդիմադիր» դաշտի «տաշած քարերը» պետք է գետնին մնացածների տպավորություն թողնեն, որպեսզի հասարակության անտեղյակ հատվածը վերցնի դրանց, փորձի օգտագործել ու վերջում «քաշվի»։

«Նոր» կառավարությունը նույնպես ձևավորվեց «տաշած քարերի» սկզբունքը հաշվի առնելով։ Բայց նորանշանակներն այնքան տաշած են, որ այլևս տակը բան չի մնացել, որ օգտագործես։

Նշանակված ու վերանշանակված պաշտոնյաների մեծ մասը ոչ այնքան «տաշած քարեր» են, որքան անտաշ դեմքեր։

Հետևաբար, ճիշտն այն կլինի, որ բավական վատ տաշված ու անպետք քարերը դեն նետվեն պետական կառավարման համակարգից։ Ընդ որում, պետք է գլխից բռնել։ Ինչպես «դասականն» էր խորհուրդ տալիս։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը