Լրահոս

12.05.2014 12:13


Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն զանգելիս զգուշացեք, որ սխալ հարցեր չտաք...

Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն զանգելիս զգուշացեք, որ սխալ հարցեր չտաք...

Այսօր առավոտյան 010-37-02-63 հեռախոսահամարով զանգահարեցի ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու համար, թե արդյոք այլ մարզում գրանցված քաղաքացին կարո՞ղ է ելքի վիզան երակարացնել նշյալ գլխամասային հաստատությունում: Վերցրեց մեկը (ըստ երևույթին` պահակային ոստիկանը) և պատասխանեց` այո: Մեծ քաղաքավարությամբ խնդրեցի ասել, թե կարող եք ինձ հուշել, թե քաղաքացին որ սենյակ պետք է մոտենա, քանի որ վերջինս տարիքով է, և ծանոթ չէ շենքին:

«Իյա՜, կարող ա՝ ես պետք է հելնեմ հարցնեմ, թող մտնի շենք` ճշտի»,–ոստիկանին կամ ծառայողին ոչ հարիր, «քուչում պպզողի» ոճով պատասխանեցին ինձ ու դրեցին լսափողը: Տպավորությունն այնպիսին էր, թե անծանոթ մեկը մտել է թաղը և այնտեղի «լավ տղուն» ուղարկում է ծխախոտի:

Անձնագրային և վիզաների վարչության այդ աշխատակից-ոստիկանը, եթե անգամ իրեն չէր վերաբերում հարցը (հապա էլ ում, եթե ինձ սփյուռից տվել են այդ համարը, և ես իրավունք ունեմ ամեն հարցով զանգահարելու այդ հեռախոսահամարով), կարող էր դպրոց գնացած և ընտանիքում դաստիարակություն տեսած մարդուն հատուկ ձևով պատասխանել՝ ասելով. «Կներե՛ք, դա իմ գործառույթների մեջ չի մտնում, դա Դուք պետք է մոտենաք, ճշտեք»:

Այս ծառայակիցն անգամ չվախեցավ, որ կարող է հանկարծ «վերևներից» մեկը դիմեր և ստուգեր իրեն:

Մի պարզ, հասարակ բան, որը փչացրեց քաղաքացու տրամադրությունը ողջ օրը: Մենք բարձր ենք գնահատում Ոստիկանապետ Վ. Գասպարյանի իրականացրած բարեփոխումները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ոստիկանության աշխատակիցների վստահությունը քաղաքացիների շրջանում, և սա այն դեպքն է, երբ «մի քոսոտ ոչխար գցում է ամբողջ հոտի անունը»: Այս պարագայում դժվար է ասել, թե ով է մեղավոր այս աշխատակցի նման խոսելաձևի համար` ընտանի՞քը, թե ոստիկանությունը, սակայն փաստ է, որ յուրաքանչյուր ոստիկան ինքնին հանդիսանում է համակարգի դեմքն ու դիմագիծը:

Վահե Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը