Լրահոս

12.05.2014 14:20


Շավարշ Քոչարյան. «Ուորլիքի հայտարարության մեջ շեղումներ կան»

Շավարշ Քոչարյան. «Ուորլիքի հայտարարության մեջ շեղումներ կան»

Հարցազրույց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ (տեսանյութ)

–Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ գրեթե բառացի կրկնել են օրեր առաջ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքերը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նրանց այս հայտարարությունը։

–Նախ՝ համանախագահողների հայտարարությունը տառացիորեն կրկնում է Լ'Աքվիլայի հայտարարությունը, այսինքն՝ համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը։ Բառացի՛, առանց որևէ բացառության, ի տարբերություն Ուորլիքի հայտարարության, ով ավելի ազատ է շարադրել, այսինքն՝ կան շեղումներ։ Իսկ ինչ վերաբերում է հայտարարությանը, շատ բնական էր. զինադադարի 20–ամյակն է, և բնական է, որ պետք է հայտարարություն լիներ, և այսօր նոր բան չեն ասել, բացի նույն կոչերից՝ ուղղված կողմերին, որ պետք է առաջընթաց լինի։ Ցանկանում եմ մի բան հիշեցնել, որ ինքնին զինադադարը միակ լուրջ ձեռքբերումն էր ամբողջ այս բանակցային գործընթացում։ Եվ ո՞րն է դրա խորհուրդը։ Ինչո՞ւ հաջողությամբ պսակվեց 1994թ. զինադադարի կնքումը։ Որովհետև Բաքուն անմիջապե՛ս մտավ բանակցությունների մեջ ԼՂՀ–ի հետ՝ ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակի հանդիպումներ՝ Հեյդար Ալիև–Ռոբերտ Քոչարյան։ Դա այն պարարտ հողը ստեղծեց, որի հիման վրա հետո եղավ զինադադարի պայմանագիրը։ Այսինքն, առաջինը դա, երբ Բաքուն իրոք ցանկանում է որևէ առաջընթաց արձանագրել, նա դիմում է հակամարտության իրակա՛ն կողմին, ոչ թե ձևացնում, որ նա գոյություն չունի։ Երկրորդը՝ 1993–94թթ. առնվազն Ադրբեջանը ճանաչել է ԼՂ–ն՝ որպես հակամարտող կողմ։

–Բայց դրանից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, առաջին անգամ փաստաթուղթ ստորագրեց, որտեղ ԼՂ–ի ստորագրությունը չկար։

–Եկեք ճիշտ հասկանանք։ Մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Երբ որ Ռուսաստանի նախագահը դիմում է երկու նախագահներին, և որտեղ կա այնպիսի փաստթուղթ, որը դրական է, ապա ինչո՞ւ պետք է հրաժարվես։ Խնդիրն այլ է. Հայաստանը մասնակցում է բանակցային գործընթացին, բայց իրենով երբեք չի կարող փոխարինել ԼՂ–ն, և դա համանախագահողները շատ լավ գիտեն։ Իսկ ինչո՞ւ ենք մասնակցում, որովհետև Մինսկի խմբի ձևաչափը ունի երկու առաքելություն՝ նպաստել, որ կողմերը փոխզիջումներով հասնեն վերջնական կարգավորման, որը չի իրականանում Բաքվի դիրքորոշման պատճառով, մյուսը՝ այն փխրուն զինադադարի, որը պետք է պահպանել։

–Ասում եք, որ Բաքվի մեղքով։ Այսինքն, կարելի՞ է ասել, որ Հայաստանը համանախագահների ներկայացրած այդ բոլոր կետերին համաձայն է, բայց Ադրբեջա՛նը չի համաձայնում։

–Խնդիրն այն չէ, որ համանախագահողները ներկայացրել են հայկակա՛ն առաջարկներ։ Ամենևին էլ ո՛չ։ Այն, ինչ ներկայացվել է, կողմերի երազանքը չէ, բայց որպես հիմք՝ ընդունվել է երկու կողմերից՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի։ Այլ բան, որ առաջընթաց չկա հենց այն պատճառով, որ Ադրբեջանը գործում է հակառակ բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների։

–Այսինքն, Հայաստանը կո՞ղմ է ԼՂ–ի հարակից տարածքները վերադարձնելուն, ինչպես որ համանախագահներն են նշում։

–Հայաստանը ինչին կողմ է, կամ Ղարաբաղը ինչին կողմ է, դա մի՛ հարց է, ա՛յլ հարց է բուն բանակցային գործընթացը։

–Խնդրում եմ, հստա՛կ ասեք՝ Հայաստանը պատրա՞ստ է այդ տարածքները հանձնելուն։

–Հայաստանն ընդունել է Մադրիդյան փաստաթուղթը՝ որպես հիմք բանակցությունների համար։

–Իսկ համանախագահների այս ակտիվությունը ինչո՞վ եք պայմանավորում։

–Ներողություն, բայց 20–ամյակն է, մի՞թե համանախագահները պիտի հայտարարություն չանեին։

–Չե՞ք կարծում, որ տեսնում են Հայաստանի իշխանությունների թույլ դիրքերը։

Ո՛չ, չեմ կարծում։ Տարօրինակ կլիներ, եթե զինադադարի 20–ամյակին համանախագահները հայտարարություն չանեին։ Այստեղ որևէ այլ բան փնտրելն ուղղակի առողջ տրամաբանությանը հակասում է։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը