Հարցազրույց

12.05.2014 17:04


ՀՀԿ–ականը Կոնչիտայի մասին. «Երբ ընկնում ես ագռավների երամի մեջ, պիտի կռկռաս»

ՀՀԿ–ականը Կոնչիտայի մասին. «Երբ ընկնում ես ագռավների երամի մեջ, պիտի կռկռաս»

ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում քաղաքական տարրեր չի ուզում տեսնել։ Դրանով պայմանավորված՝ նաև չի համաձայնվում այն տեսակետին, որ, ի տարբերություն հայ համայնքների, ազգային ժյուրիները բավականին ցածր միավորներ տվեցին Հայաստանին։

–Յուրաքանչյուր միջազգային մրցույթ ունի իր պահանջները, իսկ դրանց հիմնականում լավ տիրապետում են այդ դատավոր ասվածները։ Ինչ վերաբերում է հայ համայնքի ակտիվ քվեարկելուն, չնայած հայերն իրար վերջերս բացարձակ չեն սիրում, բայց հենց որ խնդիրը հանգում է մեր անձը հաստատելու փաստին «Եվրատեսիլ»–ում, միավորվում ենք,–ասել է Հ. Հակոբյանը։

ՀՀԿ–ական պատգամավորը «դավադրություն» չի ուզում տեսնել նաև Հայաստանին Ռուսաստանի տված ցածր, իսկ Ադրբեջանին՝ բարձ միավորների փաստի մեջ։

–Ուկրաինան էլ մեզ 12 միավոր է տվել, ինչո՞ւ է տվել, որովհետև Ավակովը նախարա՞րն է,–կատակել է նա։

Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ–2014»–ում մորուքավոր Կոնչիտայի հաղթանակին, Հ. Հակոբյանը լեհական հայտնի ասացվածքն է հիշեցրել.

–Երբ ընկնում ես ճնճղուկների երամի մեջ, պետք է ծվծվաս, երբ ընկնում ես ագռավների երամի մեջ, պիտի կռկռաս։ Բնական չէ՞, որ Կոնչիտան պետք է հաղթեր։ Իսկ այդ երևույթի դեմ պետք է հստակ կռվել ավելին, քան հիմա ենք անում։ Կռվել օրենքի, բարոյական ուժով։ Սա մարդու իրավունք չէ, սա մարդու իրավունքի խախտում է, սա մարդու արժեքի խախտում է։

Պատգամավորը նաև կիսվել է իր տպավորություններով, երբ առաջին անգամ տեսել է Կոնչիտային, սկզբից մտածել է, թե կին է, ուղղակի մորուք ունի։

–Կողքիս նստած էին իմ ընտանիքի անդամները, հարց տվեցի՝ սրա մորուքը կնոջ՝ տղամարդու արտահայտման սկզբո՞ւնք է, թե ինչ է։ Ես չեմ հասկացել, թե էդ ի՞նչ մորուք էր, ինչի՞ համար էր։ Գլխավորը՝ մի բան հասկացա, որ այդ մարդը գտնվում է իր երամի մեջ, և նրա երգն իր երամին համահունչ էր։ Ես գենդերային օրենքին էլ եմ դեմ քվեարկել, և կարծում եմ, որ դա հասարակական, մարդկային չարի՛ք է։ Եվրոպան կործանվում է, և ինքն էլ գիտի այդ մասին։

Իսկ որպեսզի Հայաստանի փողոցներում և անգամ խորհրդարանում էլ մորուքավոր «կանայք» չհայտնվեն, Հ. Հակոբյանը տալիս է հետևյալ բանաձևը. «Յուրաքանչյուրն իր անձն ու ընտանիքը պետք է պահի այս շառից, փորձանքից հեռու»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը