Լրահոս

12.05.2014 17:09


Քաղաքագետ. «Ի՞նչ երաշխիք, որ այդ սրված փոխհարաբերությունները չեն ներթափանցի մեր տարածաշրջան»

Քաղաքագետ. «Ի՞նչ երաշխիք, որ այդ սրված փոխհարաբերությունները չեն ներթափանցի մեր տարածաշրջան»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարությունը՝ ասել է.

«Լեռնային Ղարաբաղը նրանք դիտարկում են երկու սուբյեկտով։ Մեկը նախկին ԼՂՀ–ի տարածքն է, մյուսը, այսպես կոչված «օկուպացված» տարածքները։ Սա, փաստորեն, մի քիչ մտահոգիչ է։ Ինքնին Մադրիդյան սկզբունքների հիմքում դրված էր այն խնդիրը, որ ԼՂ–ում պետք է անցկացվի հանրաքվե, ըստ էության, զորքերը պետք է դուրս բերվեն տարածքներից, պետք է փախստականների վերադարձ լինի»։

Բանախոսը հիշեցրել է, որ Ադրբեջանն ուզում էր՝ հանրաքվեն 10 տարուց ոչ շուտ լինի, մինչդեռ հայկական կողմը ձգտում էր չհապաղել և ավելի շուտ անցկացնել։

–Ուորլիքը հատուկ նշեց, քանի որ ԼՂ խնդիրը բարդ լուծելի հարց է, և դրա պատճառով էլ նրանք համարում են, որ այդ հանրաքվեն պետք է անցնի ապագայում։ Այդ «ապագան» շատ անորոշ հասկացություն է։ Եվ կարծես թե այդ խնդրի շուրջ նրանք որևէ շեշտադրում չեն ուզում անել, մինչդեռ զորքերի դուրս բերման խնդիրը նրանք հատուկ շեշտում են, ինչը մտահոգիչ է։ Հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը՝ ինչպիսի ռազմատենչ և ագրեսիվ հայտարարություններով են հանդես գալիս Ադրբեջանի իշխանությունները։ Երբևիցե այդպիսի ագրեսիվ պահվածք ադրբենջացիները չեն ունեցել վերջին 20 տարիների ընթացքում, – ասել է նա։

Քաղաքագետը նշել է նաև, որ Ուորլիքն առաջարկում է հայկական զորքերի դուրսբերում, այսպես կոչված, «գրավյալ տարածքներից» և փոխարինում միջազգային ուժերով։

Բոզոյանը հարկ է համարել մի քանի հարց հղել Ուորլիքին և ամերիկացիներին. «Դուք նշում եք ձեր վեցերորդ կետում, որ պետք է համընդհանուր վստահություն լինի բոլորի կողմից։ Դու՞ք ունեք փոխվստահություն Ռուսաստանի հետ, կարծում եմ, որ Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ այդպիսի վստահություն ձեր մեջ չկա, այսինքն՝ հենց միջնորդ կողմերի միջև չկա փոխվստահություն... Ի՞նչ երաշխիք, որ այդ սրված փոխհարաբերությունները չեն ներթափանցի մեր տարածաշրջան, եթե դիցուկ հիպոթեկ ներկայացնենք, որ հայկական զորքերը դուրս կբերվեն այդտեղից։ Ի՞նչ ֆորմատով պետք է այդ խաղաղարար ուժերը լինեին, ովքե՞ր պետք է կանգնեին այդ խաղաղապահ ուժերն, որոնք կհամապատասխանեին Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի շահերին,–ասել է նա, նշելով, որ այդպիսի ֆորմատ նա չի տեսնում։

Բանախոսը նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այն փոխվստահությունը, որի մասին նշել է Ուորլիքը, Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց պահվածքի համապատկերին չի կարող լինել։

Մի կողմից Ուորլիքի նման հայտարարությունները, մյուս կողմից՝ Ադրբեջանի նմանատիպ պահվածքն իրենց մեջ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ են պարունակում. «Այս պատերազմը կարող է գլոբալ պատերազմի վերածվել...Այստեղ կան Հայաստան, Ադրբեջան, երկուսն էլ միջազգային սուբյեկտ են, և այդ երկուսի պատերազմը կարող է վերաճել տարածքային պատերազմի, որովհետև միանշանակ կմտնի Թուրքիան, Ռուսաստանն անմասն չի մնա, և հաշվի առնելով այն բարդ հարաբերությունները, որոնք կան միջազգային հարաբերություններում, պատերազմը կարող է վերաճել գլոբալի»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը