Մեկնաբանություն

12.05.2014 18:04


«Նոր» կառավարության հին պարտադրանքը

«Նոր» կառավարության հին պարտադրանքը

Կենսաթոշակային համակարգի վերաբերյալ «նոր» կառավարությունը նոր օրինագիծ է ներկայացրել, որը հնի խուճուճ տարբերակն է։ Այն հնից ձևով տարբերվում է, բայց բովանդակային (փիլիսոփայական) առումով նույն բանն է։

Հիշեցնենք, որ «պարտադիրի» պահով Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հանրության 80 տոկոսը դեմ է դրան, բայց իրենք, միևնույն է, այն կիրառելու են։ «Նոր» կառավարությանն էլ պատգամել էր շարունակել հնի գիծը։ Այլ կերպ ասած՝ ընդունել այն «օժիտը», որը թողել է տխրահռչակ Տիգրան Սարգսյանի կառավարությունը։

«Նոր» կառավարությունը մտածել մտածել է ու «լուծում» գտել, որ հա՛մ պարտադիրը պարտադիր լինի, համ էլ անունը դնեն, թե օրենքից պարտադիրը հանել են։

«Կուտակայինի» պարտադիր բաղադրիչի մասով ոչինչ կամ գրեթե ոչինչ չի փոխվել, պարզապես հայտնի անեկդոտի պես թղթաբանությունն է ավելացել։ Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիները կարող են հրաժարվել պարտադիրից, եթե, իհարկե, դիմում գրեն ու գործատուին տեղեկացնեն այդ մասին։ Դա նույնն է, թե քաղաքացուն պարտադրեն դիմում գրել ոստիկանությունում, որ իրենք դեմ են հանցագործության զոհ դառնալուն, իսկ ովքեր դիմում չգրեն, օրենքի ուժով դառնան հանցագործության զոհ։

Պարտադիր, բայց ոչ պարտադրված «տրյուկի» շրջանակներում, փաստորեն, գործատուների վրա են բարդում աշխատողներից գումար պահելու գործը՝ կամավոր–պարտադիր սկզբունքով՝ «Ինչքան էլ փող հավաքենք, էլի քյար ա» ծրագրի շրջանակներում։

Ինչ վերաբերում է մինչև այժմ պարտադիր կերպով արված պահումներին, ապա դրանց վերադարձի հարցը բաց է մնացել։ Պետբյուջեից էլ գումարներն ամեն դեպքում փոխանցվելու են այն ֆոնդերին, որոնք կասկածելի պայմաններում դարձել են մեր կենսաթոշակային համակարգի շահառուները ՀՀ քաղաքացիների երկար ու էժան փողերը տնօրինելու առումով։

Նկատենք, որ սա «կուտակային» թալանի «բարեշրջված» տարբերակ է, ուրիշ ոչինչ։ Սա նաև դեմագոգիայի վառ դրսևորում է։ Հետևաբար, պայքարը պետք է շարունակել, մինչև որ պարտադիրն աներկբայորեն վերացվի, քաղաքացիների փողերը հետ վերադարձվեն, և պետբյուջեի վրայից լրացուցիչ ֆինանսական բեռը հանվի։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Իշխանությունները կենսաթոշակային գումարները տնօրինող ֆոնդերին խոստացել են, որ անկախ ամեն ինչից՝ իրենք պետբյուջեից փողերը կփոխանցեն իրենց։ Այսինքն, ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերից ֆոնդերը փող են ստանալու։ Սա արդեն ական է մեր տնտեսության տակ։ Սա կողոպուտ է օրը ցերեկով։ Պետության կողոպուտ։

Սա ցույց է տալիս, որ Տիգրան Սարգսյանն ինչ–ինչ պարտավորությունների տակ է մտցրել Հայաստանը։ Իսկ թե ինչի դիմաց է այսպիսի նվեր նա տվել ֆոնդերին, պետք է պարզի դատախազությունը, եթե իհարկե, «Վերջին բոլշևիկը» չխոչընդոտի։

Այս խորագրի վերջին նյութերը