Մեկնաբանություն

13.05.2014 08:12


Բա որ Օլանդը սկսի ծիծաղե՞լ

Բա որ Օլանդը սկսի ծիծաղե՞լ

Նոր-նոր ինքնաթիռից դուրս եկող Ֆրանսիայի նախագահին այսպես ներկայացրեց հեռուստաընկերություններից մեկը՝ «Ֆրանսուա Օլանդը հեռվից է ժպտում Սերժ Սարգսյանին»:

Օլանդն, իհարկե, այդ պահին ոչ ոքի չէր ժպտում, քանի որ նայում էր իր ոտքի տակ, որ իջներ աստիճաններից:

Դե, այս հորինված դրվագը՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու մղումը այն նույն շարքից է, երբ մինչ Ֆրանսիայի նախագահի Հայաստան ժամանելը նախագահականը հայտարարում էր, թե Ֆրանսուա Օլանդը մեր երկիր է գալիս Սերժ Սարգսյանի հրավերով: Այնինչ, պարզվեց, որ նա տարածաշրջնային այցի շրջանակներում է այցելել Հայաստան:

Ինչ վերաբերում է բարձրաստիճան հյուրի ընդունելությանը եւ ընդհանրապես երկօրյա այցի շրջանակներում նախատեսված միջոցառումներին, ապա եւս մեկ անգամ ապացուցվեց, որ Սերժ Սարգսյանը կառուցում է ոչ թե իրական, այլ դեկորատիվ երկիր:

Դե, «նախաձեռնողական» Սարգսյանից այլ բան ակնկալել էլ հնարավոր չէ, մարդը կա՛մ ինքն է մեկնում, կա՛մ հյուր է ընդունում, ինչի պատճառով երկիրը կարգի բերելու համար ժամանակ չի մնում:

Բոլորն են հիշում Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, երբ նա մեկնեց Գյումրի, որտեղ հյուրի «աչքը շոյելու» համար դեկորացիաներ էին սարքել, մի ամբողջ փողոց պաստառապատված էր, իբր նորմալ, դիտարժան շենք-շինություններ են: Իրականում պաստառների տակ ավերակներ կամ կիսակառույցներ էին:

Ասում են, Պուտինը կողքով անցել է ու «գլխի չի ընկել», որ դրանք թատերական դեկորացիաներ են:

Եվ քանի որ նախորդ «փորձարարությունը» հաջող է անցել, հիմա Սերժ Սարգսյանը որոշել է նորից կիրառել այդ մեթոդը:

Դե, եթե Պուտինը իրականն ու անիրականը չի «ջոկել»՝ Օլանդը նույնպես չի «ջոկի»:

Ուրեմն՝ որոշել են հիմա էլ թատերական դեկորացիաներ կառուցել «Մաշտոցի պուրակում», որտեղ նույնպես այցելելու է Ֆրանսուա Օլանդը: Այդ զբոսայգին որոշվել է կոչել երկրորդ Համաշխարհայինի ժամանակ դիմադրության շարժման ղեկավարի՝ Միսակ Մանուշյանի անվամբ եւ Սարգսյանն ու Օլանդը ներկա են լինելու անվանակոչության արարողությանը:

Բայց շրջակայքը կիսակառույցներ են, ինչը այնքան էլ լավ չէ, որ տեսնի Ֆրանսիայի նախագահը: Ըստ այդմ որոշվել է այդ շինությունները քողարկել գեղեցիկ պաստառներով, նկարված շքեղ պատուհաններով, մի խոսքով, «վրաքաշ» են արել ու պատկերը դարձել է հիանալի է՝ եվրառեմոնտված արտաքին տեսքով:

Հիմա նախագահականում սրտատրոփ սպասում են այդ պահին: Օլանդի դիտողականության մասին լիարժեք պատկերացում չունեն: Ի՞նչ իմանաս, մարդը հասավ զբոսայգի, իջավ մեքենայից ու հանկարծ առաջինը հենց դա նկատեց, որ իր առջեւ դեկորացիաներ են եւ ոչ թե իրական շենքեր:

Դե, նկատելու դեպքում էլ, ի՞նչ իմանաս՝ ինչպես կարձագանքի:

Գուցե եւ ասի՝ «Սիրո՛ւն չի, Սարգսյան ջան»: Իսկ հետո էլ գուցե մի կուշտ ծիծաղի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը