Լրահոս

13.05.2014 19:57


Համաեվրոպական գրական գիշեր

Համաեվրոպական գրական գիշեր

Մայիսյան մեկ օր եվրոպական տարբեր քաղաքներում հանրահայտ արվեստագետներն արտասովոր պայմաններում ընթերցում են եվրոպացի գրողների ստեղծագործությունները: Այդ օրը եվրոպական տարբեր քաղաքներ միավորվում են համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնության շրջանակում և գրական ընթերցումների միջոցով հանրությանը ներկայացնում եվրոպական գրականության նոր և արդեն դասական դարձած անուններին:

Բրիտանական խորհուրդն արդեն չորրորդ տարին է՝ միանում է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը: Այս տարի միջոցառմանը միացել են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Երևանի մետրոպոլիտենը, Հայ գրականության հիմնադրամը և Արտբրիջ սրճարանը:

Այս տարի` մայիսի 14-ին, դերասան Արսեն Գրիգորյանը մետրոպոլիտենի չորս կայարանում կընթերցի հատվածներ Միացյալ Թագավորության գրականությունից:

Ընթերցումները կմեկնարկեն ժամը 13.00-ին Բարեկամություն կայարանից, ուր Արսեն Գրիգորյանը կընթերցի հատվածներ Ալիսոն Լյուիս Քենեդիի «Անջնջելի արարքներ» պատմվածքների ժողովածուից (Ալեքսանդր Աղաբեկյանի թարգմանությամբ): Գրողը ծնվել է Շոտլանդիայի Դանդի քաղաքում 1965 թվականին: 14 գրքի հեղինակ է, Արվեստների և գրականության թագավորական ընկերակցությունների անդամ: Քենեդիի «Անջնջելի արարքներ» պատմվածքների ժողովածուի 12 պատմությունները մարդկային շփման, գթասրտության, սիրո հանդեպ անհագ կարիքի մասին են:

Իսկ ժամը 14.00-ին արդեն Երիտասարդական կայարանում Արսեն Գրիգորյանը կընթերցի Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսը (Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ): Ջոն Օսբորնը ծնվել է 1929 թվականին Լոնդոնում: «Ետ նայիր զայրացած» պիեսի բեմադրությունից հետո թատերական քննադատները Ջոն Օսբորնին են վերագրում բրիտանական թատերական արվեստի ամենախոստումնալից երիտասարդ դրամատուրգի փառքը:

Հանրապետության հրապարակ կայարանում ժամը 15.00-ին Արսեն Գրիգորյանը կներկայացնի Ռասել Սելին Ջոնսի «Կործանման եզրին» ստեղծագործությունը (Ալեքսանդր Աղաբեկյանի թարգմանությամբ): Ռասել Սելին Ջոնսն ապրում է Լոնդոնում և գրելուն զուգահեռ՝ հանդես է գալիս դասախոսություններով: «Կործանման եզրին» վեպն անցյալի հետ կապերի անքակտելիության ու մեղքի զգացումից տառապող մարդու մասին է:

Ժամը 16.00-ին Զորավար Անդրանիկ կայարանում դերասանը կընթերցի Դեբորա Քեյ Դևիսի «Ինչպիսին որ կամ» (Ալեքսանդր Աղաբեկյանի թարգմանությամբ) ստեղծագործությունը: Դեբորա Քեյ Դևիսը ծնվել է Փոնթիփուլում, իր կյանքի մեծ մասն ապրել է Ուելսում: Պոեզիայի առաջին ժողովածուն տպագրվել է 2006 թվականին: «Կործանման եզրին» ստեղծագործությունը մեծ ռիսկի գնացող կնոջ մասին է: Սրտի ձայնին հետևող այս կնոջ պատմությունը ցանկությունների ու երազանքների իրականացման համար պահանջվող զոհողությունների մասին է: Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, ընթերցանությանը զուգահեռ, հնչելու են Արման Ամպի հենց այս միջոցառման համար գրված ստեղծագործությունները: Իր երաժշտությունն ստեղծելիս նա օգտագործում է բնության ձայները՝ քամու, ծովի, կաթիլների հնչյուններ` ստանալով հետաքրքրական երանգավորում:

Իսկ ժամը 17.00-ին անգլիական գրականության սիրահարները կարող են այցելել Հյուսիսային պողոտա: Այստեղ, ինչպես Բրիտանիայում, ժամը հինգին կմատուցվի թեյ, որին զուգահեռ՝ Հայ գրականության հիմնադրամի ներկայացուցիչները կընթերցեն անգլիացի գրողների ստեղծագործությունները:

Իսկ արդեն մայիսի 15-ին` ժամը 19.00-ին, ԱրտԲրիջ սրճարանում Ջոն Օսբորնի ստեղծագործություններից կընթերցեն գրողներ Հասմիկ Սիմոնյանը, Արմեն Օհանյանը և Հովհաննես Թեքգյոզյանը: Հանդիպումը կվարի Ջոնաթան Էյվսը:

Այս խորագրի վերջին նյութերը