Լրահոս

13.05.2014 13:10


Կայացել են Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի բանակցությունները

Կայացել են Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի բանակցությունները

Այսօր նախագահականում տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:

Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են «Համագործակցության գերատեսչական համաձայնություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ՖՀ գյուղատնտեսության, գյուղմթերքների և անտառային տնտեսության նախարարի միջև», «Մտադրությունների նամակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի և ՖՀ ներքին գործերի նախարարի միջև՝ բնական և տեխնածին աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ-ում ավտոտրանսպորտային միասնական պատուհանի ներդրման և գործարկման կոնցեսիոն համաձայնագիր», «Համագործակցության համաձայնագրի արձանագրություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև՝ Վեդիի հիդրո-գյուղատնտեսական ծրագրի վերաբերյալ», «Առևտրային պայմանագիր Պրոգրես ագրո ընկերության և Ռիշել գրուպ ընկերության միջև՝ բանջարեղենի արտադրման բանջարանոցների մասին»: Կողմերի միջև փոխանակվել է «Ընդունման նամակ ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի հետ կապված աշխատանքների մասին»: Ֆրանսիայի Նախագահի այցի շրջանակներում այսօր կստորագրվի նաև «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»:

Այս խորագրի վերջին նյութերը