Մեկնաբանություն

14.05.2014 11:00


«Ռևիզորների» այցն ու Սերժ Սարգսյանի «Պոտյոմկինյան գյուղերը»

«Ռևիզորների» այցն ու Սերժ Սարգսյանի «Պոտյոմկինյան գյուղերը»

Սերժ Սարգսյանի մոտ խորն են նստած կոմսոմոլն ու ենթակա չինովնիկը։ Ռայկոմի քարտուղարները նրա համար ընդօրինակման ենթակա մարդիկ են եղել և այդպիսին մնացել են մինչև օրս։

Միջին վիճակագրական ռայկոմի քարտուղարը, ինչպես հայտնի է, տվյալ «ռայոնի» տերն էր, բայց «տուզիկանում» էր, երբ կենտրոնից տեսչական այցով ժամանում էին մեծերի ներկայացուցիչները՝ «ռևիզորները»։ Դե, իսկ եթե մեծերն էին գալիս տարածքը նայելու, ապա ռայկոմի քարտուղարի չոքերը թուլանում էին։

Սերժ Սարգսյանն այդ ամենը տեսել է սովետական տարիներին իր ռայկոմական ղեկավարներին ծառայելիս, ու հիմա ինքն իրեն դրել է «ցեխավիկներից» փող հավաքող ռայկոմի քարտուղարի տեղը։

Սարգսյանը անկախ Հայաստանի նախագահի աթոռին է հասել, բայց իրեն պահում է իր երիտասարդ տարիների թաքնված երազանքների հերոս հանդիսացող ռայկոմի քարտուղարի պես։

Տվյալ դեպքում մենք գործ ունենք մտածողության ու հոգեբանության հետ։ Ըստ այդմ՝ Սարգսյանի համար դրսից եկած «ձյաձյաները» և «ծյոծյաներն» ընկալվում են որպես տեսչական այց կատարող «ռևիզորներ» կամ կենտրոնի ղեկավարներ։ Դա է պատճառը, որ նա արտառոց քայլերի է գնում, երբ այլ երկրներից պաշտոնյաներ են ժամանում։ Նա այդպիսով ուզում է դուր գալ։ Ու կապ չունի, թե դրսից եկողը ո՞ր պետությունն է ներկայացնում, և ինչի՞ համար է եկել։

Օրինակ՝ Գյուլի հայաստանյան այցի ժամանակ Սարգսյանը հրամայեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզաշապկի վրայից հանել Արարատը։

Հրամայվել էր նաև Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ անջատել Ծիծեռնակաբերդի լույսերը, որ հանկարծ Թուրքիայի նախագահի աչքերը չցավեցնեն դրանք։ Իսկ դրանից առաջ բոլոր թերթերին հանձնարարվել էր Գյուլին ողջունելու համար մի ամբողջ էջ տրամադրել։

«Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում երկրում տիրում էր քծնանքի ու քիրվայության նողկալի մթնոլորտ։ Եվ դա միայն հայ–թուրքական սահմանը բացելու ջանքերի շրջանակներում չէր արվել։ Դա հավերժ ենթակայի սերժական հոգեվիճակի դրսևորում էր։

Սարգսյանը հալումաշ եղավ նաև այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանեց Երևան։ Իշխանական քարոզչամեքենան դա ներկայացրեց որպես «նախաձեռնողականության» հաղթանակ՝ հատուկ ընդգծելով, որ Հիլարին այնքան շատ է հավանում ՀՀ իշխանությանը, որ գիշերը մնալու է մեզ մոտ։ Քիչ էր մնում՝ ամերիկացի տիկնոջ՝ հայկական տարածքում զուգարան գնալն էլ ներկայացնեին որպես «նախաձեռնողականության» փայլուն հաղթանակ։

Մաքսային միություն մտնելու ինքնանվաստացման ակտից հետո Սարգսյանն ուրախությամբ ընդունեց Պուտինին Գյումրիում։ Սարգսյանի մոտ այդ պահին գլուխ էին բարձրացրել բոլոր կոմպլեքսները, քանզի «կենտրոնից» եկածը նրան հիշեցնում էր ռայկոմի քարտուղարների տարիները։

«Վերջի բոլշևիկն» այնքան էր տարված ռայկոմի քարտուղարի իր դերով, որ Գյումրիում հանձնարարել էր ձմռանը կանաչ խոտածածկ փռել այն վայրերում, ուր լինելու էր Պուտինը՝ յուրօրինակ «Պոտյոմկինյան գյուղ» սարքելով վերջինիս համար։

«Պոտյոմկինյան գյուղեր» սարքող Սերժ Սարգսյանը նմանատիպ մի բան մատուցեց նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդին՝ Մաշտոցի պուրակում պաստառապատելով հին ու քանդված շենքերը։

Ձևի գերի դարձած ու բովանդակազուրկ քաղականության ջատագով Սերժ Սարգսյանից այլ բան հնարավոր չէ սպասել։ Ռայկոմի քարտուղարն է եղել նրա երազանքը, ու հանկարծ նա հայտնվել է ՀՀ նախագահի աթոռին։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու է Հայաստանն այս օրն ընկել։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու է մեզ մոտ գաղջ մթնոլորտ ձևավորված։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը