Լրահոս

14.05.2014 15:08


Կերտենք ապագան՝ հարգելով անցյալի հիշատակները

Կերտենք ապագան՝ հարգելով անցյալի հիշատակները

Թբիլիսիի Վերայի գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել Թբիլիսիի մշակութային կյանքի զարգացման գործում: Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր:

Մինչև այժմ գերեզմանոցում պահպանվել են Եվրոպական ճարտարապետների նախագծած մի քանի դամբարաններ, որոնք իրենցից ներկայացնում են արվեստի գլուխգործոցներ և ունեն պատմական-ճարտարապետական արժեք:

Գերեզմանոցում պահպանվում են մոռացված տապանաքարեր, որոնց ներքո հանգչում են մի ժամանակ քաղաքի վերնախավը ներկայացնող հայազգի երևելիներ: Թերևս նրանք այսօր էլ շարունակում են երևելի մնալ իրենց դամբարանային վեհությամբ և սոցիալական ազնվատոհմ կարգավիճակով:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի ու սոցիալական բաժնի ղեկավար Միքայել Ավագյանի գլխավորությամբ, մայիսի 11-ին, 30-ից ավելի հայ երիտասարդների խումբը, անհրաժեշտ գործիքներով զինված, ուղևորվեց դեպի Թբիլիսիի հինավուրց Վերայի գերեզմանոց՝ անխնամ մնացած հայազգի շիրիմները բարեկարգելու որոշմամբ: Առաջնորդվելով Թբիլիսիի նվիրյալ տարեգիր երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանի թողած ուսումնասիրություններով և լուսանկարներով, երիտասարդ ակտիվիստների խումբը ձեռնամուխ եղավ ազնվատոհմ քաղաքացիներ Խուդադովի, Մելիք-Ազարյանցի, Գիրգիդովի, Էնիկոլոպովների շիրիմների, Յուզբաշևների, Անանովների, ծխախոտի արտադրող Նամուրադյանցի , գործարար Բոզրջյանցի, լեզվաբան և հայագետ Շահան Ջրպետյանի և նրա կնոջ, ճարտարապետ Գաբրիել Տեր- Միքելովի դամբարանների բարեկարգմանը:

Այս խորագրի վերջին նյութերը