Մեկնաբանություն

14.05.2014 15:28


Դեպի խաղաղություն տանող ճանապարհը կապիտուլյացիան չէ

Դեպի խաղաղություն տանող ճանապարհը կապիտուլյացիան չէ

Ասացվածք կա՝ ոչ ոք այնքան չի խեղաթյուրում իրականությունը, որքան թույլի «օգտին» աշխատող միջնորդը։

Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես եկան հայտարարությամբ։ Այն վերահաստատեց հիմնահարցի լուծման ամերիկացի համանախագահ Ուորլիքի ներկայացրած ԱՄՆ դիրքորոշումը։ Այն է՝ եթե պատերազմ չեք ուզում, հանձնե՛ք հողերը։

Արցախը միջնորդների ներկայացրած «ճանապարհային քարտեզն» անմիջապես որակեց որպես հայկական կողմի կապիտուլյացիա։ Ցավոք սրտի, պաշտոնական Երևանի արձագանքը սովորականի պես լղոզված ու անհասկանալի էր։ Սկզբից լռեցին, հետո Էդվարդ Նալբանդյանը, համաձայնվելով Ուորլիքի հետ, Ադրբեջանին մեղադրեց ապակառուցողականության համար, վերջում էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե համանախագահները որևէ նոր բան չեն ասել։ Իսկ իրականությունն այն է, որ ասե՛լ են։

Միջնորդների հայտարարությունների տոնայնությունն ակնհայտ փոխվել է։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն իր հերթին հայտարարում է Ադրբեջանին «հողերը վերադարձնելու» մասին, ինչը մինչ այդ երբեք չէր եղել, առավել ևս, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ քաղաքական գնահատականները բացարձակապես չեն մտնում դեսպանի գործառույթների մեջ։ Սա էլ չեք տեսնո՞ւմ։

Միայն այն, որ բացառապես հայաստանյա՛ն իշխանությունների մեղքով Թուրքիան խցկվեց Արցախի թեմայի մեջ, խոսում է տեսնել–չտեսնելու նրանց ունակության մասին։

Մի խոսքով, խաղաղության միջնորդները Հայաստանին սպառնում են պատերազմով։

Հայաստանն ու Արցախը հաղթանակած կողմն են։ Մենք մեր փոխզիջումն արդեն արել ենք՝ ստորագրելով հրադարարի պայմանագրի տակ։ Ու, բացի այդ, պատմության մեջ երբևէ եղե՞լ է դեպք, երբ պատերազմով պատմական արդարությունը վերականգնած և մարդկանց կյանքի իրավունքը պաշտպանած կողմը բանակցություններով կապիտուլացվի։ Եթե նման բան էլ եղել է, այսօր այդ երկրները չկան։ Մեզ՝ հաղթանակած կողմին, դա է առաջարկվում։

Իրավիճակը փոխելու միակ տարբերակը մեր երկրի ներսում փոփոխություններն են։ Պետք է գան նրանք, ովքեր իրականում տեսնում են։ Տեսնում են պատերազմին տանող վտանգավոր միտումները ու կարող են դրանց դեմն առնել, ովքեր ոչ մի դեպքում իրենց ստորագրությունը չեն դնի վտանգավոր փաստաթղթերի տակ, ովքեր հաղթանակը կհասցնեն ավարտին։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը