Մեկնաբանություն

15.05.2014 14:09


«Նոր» կառավարության հին հիվանդությունները

«Նոր» կառավարության հին հիվանդությունները

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը գոնե ֆորմալ առումով շահեկանորեն տարբերվում է Տիգրան Սարգսյանի կառավարությունից։ Եթե վերջինս առաջնորդվում էր նեոբոլշևիկյան գաղափարախոսությամբ, ապա Աբրահամյանը որդեգրել է «Ребята, давайте жить дружно!» մոտեցումը, որը ոչ թե գաղափարախոսություն է, այլ իրավիճակային քայլ։

Իսկ շահեկանորեն տարբերվում է այս կառավարությունն այն պարզ պատճառով, որ ավելի լավ է առանց գաղափարախոսություն կառավարություն ունենալ, քան Թալեաթ փաշայի ու բոլշևիկների խառնուրդ հիշեցնող տեռոր, որն իրականացվում էր տխրահռչակ «Օֆշորի Տիկոյի» ձեռքերով՝ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ։ Բայց խնդիրն այն է, որ «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանին տնտեսական ճեղքում ու զարգացում ապահովող հստակ գաղափարախոսություն, արդյունավետ գործող թիմ և դրական փոփոխությունների ճանապարհային քարտեզ է պետք։ Շոուներով հեռու չես գնա։

Անհրաժեշտ է կտրուկ փոխել գործարար միջավայրի հանդեպ որդեգրած իշխանությունների մոտեցումը։

Սերժ և Տիգրան Սարգսյանները խնդիր էին դրել «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։ Արդյունքը եղավ այն, որ մեր երկիրը հետպատերազմյան աննախադեպ տնտեսական հետընթաց ունեցավ, մարդիկ սկսեցին բառիս բուն իմաստով փախնել այստեղից, փոքր ու միջին բիզնեսն ընկավ իշխանությունների հետ անհավասար մարտում, խոշոր բիզնեսը, մեծ հաշվով, սառեցրեց ներդրումային ծրագրերն ու կապիտալն արտահենց Հայաստանից, աղքատությունը հասավ վտանգավոր չափերի։ Եվ այս ամենը Հայաստանի արտաքին պարտքի եռապատկման ֆոնին։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Տիգրան Սարգսյանի հմուտ կառավարման շնորհիվ կոռուպցիան դարձավ համատարած ու համակարգված։ Բյուջեի թալանը կրեց տոտալ բնույթ (տե՛ս Վերահսկիչ պալատի զեկույցները)։

Քաղաքական ուժերի ճնշման տակ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ բաժանվել իր անբաժան ուղեկից Տիգրան Սարգսյանից և անցնել ընդհատակ՝ սպասելով Աբրահամյանի ձախողմանն ու հասարակական ապատիայի խորացմանը, որպեսզի սահմանադրական փոփոխություններով իր իշխանությունը հավերժացնելու հնարավորություն ստանա։

Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ ղեկավարը վարչապետ նշանակեց սրտի խոր կսկիծով՝ չմոռանալով նշել, որ նա պետք է շարունակի Տիգրան Սարգսյանի կուրսը, այսինքն՝ հին կուրսը։ Սակայն դա հնարավոր չէ, քանզի դա Հովիկ Աբրահամյանի «տիգրանսարգսյանացման» ուղիղ ճանապարհն է։ Դա ական է, որը դրվում է մեր տնտեսության տակ։

Հովիկ Աբրահամյանն այդ ամենը, թերևս, հասկանում է, և դա է պատճառը, որ նա փորձում է «և, և» տարբերակով առաջնորդվել՝ հայտնվելով հրշեջի կարգավիճակում։ Սակայն այդպես երկար շարունակել հնարավոր չէ։

Եթե նորանշանակ վարչապետը չի ուզում Տիգրան Սարգսյանից էլ վատ վիճակում հայտնվել, ապա պետք է հրապարակավ տարանջատվի իր նախորդի կուրսից՝ հրապարակավ գնահատական տալով անցած վեց տարիների ընթացքում տեղի ունեցած խայտառակ քաղաքականությանը։

Դրանից հետո միայն գործարար աշխարհի մոտ կարող է բան փոխվել։

Պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ «Հորս արև՝ ամեն ինչ լավ է լինելու, եկե՛ք համերաշխ ապրենք ու բոլորս հավասար լինենք օրենքի առաջ» խոսքերով բան չես փոխի, այլ միայն քմծիծաղ կառաջացնես բիզնես աշխարհում։

Հայաստանում ոչ թե «հորս արևների» միջոցով է հնարավոր դրական փոփոխությունների հասնել, այլ հայեցակարգային կտրուկ փոփոխությամբ և ինստիտուցիոնալ երաշխիքներով։

Սկզբի համար արժե չխանգարել բիզնեսին ու հասկանալ, որ ոչ թե հասարակությունն ու պետությունն են բյուջեի համար, այլ բյուջեն՝ հասարակության ու պետության։ Պետբյուջեն պետք է ֆունկցիա լինի բիզնես միջավայրում տիրող իրավիճակից, այլ ոչ թե ինքնանպատակ։

Քանի դեռ այս ամենը չի գիտակցվել, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը նոր համարել հնարավոր չի լինի, քանզի այն կլինի հնի ձևափոխված, բայց բովանդակությունը պահպանած տարբերակը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը