Լրահոս

15.05.2014 15:26


Հրապարակային հարցում ՀՀ նախագահին, վարչապետին

Հրապարակային հարցում ՀՀ նախագահին, վարչապետին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ քաղաքաշինության նախարար
Նարեկ Սարգսյանին

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

Աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում երկրաշարժից քառորդ դար անօթևան հարյուրավոր ընտանիքների խնդրի՝ ՀՀ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետի մասին «Շիրակ կենտրոնը» 2014 թ. փետրվարի 20-ին հրապարակային հարցում էր արել, որին ի պատասխան կառավարությունից մեր ստացած գրությունում (http://shirakcentre.org/hy/news/20668-----l-r-------) նշվում էր, թե «Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:

«Շիրակ կենտրոնի» հրապարակային հարցումից արդեն անցել է բավական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, սակայն մենք այդպես էլ չենք ստացել տեղեկատվություն պարունակող պատասխան աղետի գոտում ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետների մասին: Իսկ մեր շինհրապարակներ կատարած պարբերական այցելությունների ժամանակ, ցավոք, այդ շինհրապարակները մշտապես տեսնում ենք դատարկ:

Ուստի ստիպված ենք ևս մեկ անգամ դիմել ձեզ, ակնկալելով մասնավորապես Գյումրիում բնակարանաշինության վերսկսման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում:

Ի դեպ, հրապարակային այս հարցումը ձեզ հղում ենք դեռ 2013 թվականին շահագործվելիք բնակարանների շահառուների, Գյումրու Մուշ-2/2 թաղամասի շինհրապարակի անվտանգության նախկին և երկար ժամանակ աշխատավարձ չստացած աշխատակիցների, ինչպես նաև տասնյակ գյումրեցիների անունից:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան

Գյումրի

Հրապարակային հարցմանը միացել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, խնդրով շահագրգիռ այլ գյումրեցիներ:

Այս խորագրի վերջին նյութերը