Մեկնաբանություն

16.05.2014 11:36


Վարչապետը սխալ տեղից է սկսել

Վարչապետը սխալ տեղից է սկսել

Գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլորը պետք է հավասար դաշտում աշխատեն, որ հուլիսի 1–ից գիծ է քաշվում, ու բոլորը պետք է ստվերից դուրս գան, որ ինքը սկսելու է իրենից ու իր շրջապատից, և որ կառավարությունը կանգնելու է բիզնեսի կողքին ու խրախուսելու է ներդրումները։

Խոսք չկա՝ բարի ցանկություններ են և ոսկե խոսքեր։ Բայց բիզնեսի զարգացման համար դրանք քիչ են։ Եվ հետո, շաբլոն ձևակերպումներով և կիսապոպուլիստական մոտեցումներով վիճակը չես շտկի։ «Տիրացուն» շատ ավելի սրտաճմլիկ ձևակերպումներ էր հնչեցնում, հետո ի՞նչ։

Ի՞նչ է նշանակում` սրանից հետո պետք է ստվերից դուրս գալ, այլապես իշխանությունները համապատասխան քայլերի կգնան։

Հայաստանում ստվերային տնտեսություն, մեծ հաշվով, չկա։ Բոլորը բոլորի մասին ու բոլորի գործունեության մասին գիտեն։ Ստվերի տեղն էլ է հայտնի, լույսի տեղն էլ։

Սուտ են այն խոսակցությունները, թե, իբր, խոշոր բիզնեսը հարկ չի մուծում։ Մուծում է ու դեռ մի բան էլ ավելին։ Այլ հարց է, որ «սև» և «սպիտակ» մուծումներ կան, ինչպես նաև ընտրակաշառք բաժանելու, «Գեբելսյան» քարոզչամեքենային պահելու, հաճախորդ քաղաքական գործիչներին գնելու և նմանատիպ այլ գործերի համար պարտադրանք կա օլիգարխիկ իշխանության կողմից։ Այնպես որ, եթե ստվերի դեմ պայքարելու խնդիր կա, ապա նախ և առաջ ստվերից պետք է հանել «Գեբելսյան» քարոզչամեքենան և քաղաքական բնույթ կրող «տրանսակցիոն» հատկացումները։

Իսկ ամենագլխավոր ստվերը բյուջետային ծախսերն են։ Հրե՛ն Տիգրան Սարգսյանի սանիկ Դավիթ Սարգսյանը նախարարի կարգավիճակով «ատկատային» փողեր է ֆռռացրել «էլ դու սուս» տարբերակով։ Այդ մասին հայտարարում է Վերահսկիչ պալատը։ Դե գնացեք այդ փողերի հետևից, ի՞նչ եք կպել գործարարներից ու պոկ չեք գալիս։

Ինչ վերաբերում է վարչապետի այն խոսքերին, թե ինքն սկսելու է իր շրջապատից, ապա այստեղ հստակեցումների խնդիր կա։ Շրջապատ հասկացությունը շատ հարաբերական ու լայն հասկացություն է։ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկն, օրինակ, ՀՀԿ անդամ է, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի շրջապատից։

Սերժ Սարգսյանին կցված երիտօլիգարխիան գոնե ֆորմալ տեսանկյունից նույնպես համարվում է Հովիկ Աբրահամյանի շրջապատը ներկայացնող սուբյեկտ։

Հիմա հարց է առաջանում՝ Սաշիկն ու երիտօլիգարխիան մտնելու՞ են հարկային դաշտ, թե՞ ոչ։ Վարչապետը պետք է սրանցից սկսի, թե չէ հավասարության, ազատության և եղբայրության մասին հայտարարությունները կվերածվեն կենացների։

Եվ ամենակարևորի մասին։ Վարչապետը կոչ է անում հավատալ կառավարությանն ու խոստանում աջակցել բիզնեսին՝ ակնկալելով ներդրումների աճ։ Աբրահամյանի անկեղծությանը չենք ուզում կասկածել, բայց կա մի մեծ «Բայց»։

Մի քանի տարի առաջ, երբ վարչապետական աթոռին նստած էր Հովիկ Աբրահամյանի շրջապատի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, գործարարներին կրկին կոչ արվեց հավատալ կառավարությանն ու ներդրումներ անել։ Գործարար Փայլակ Հայրապետյանը հավատաց Տիգրան Սարգսյանին ու «քցվեց» նույն Տիգրան Սարգսյանի ու նրան կցված «սրբազան ավազակաորջի» կողմից։ «Քցվեց» օրը ցերեկով ու բոլորի աչքի առաջ։

Այժմ Փայլակ Հայրապետյանը բանկրոտի է ենթարկվել, իսկ օֆշորային մեքենայությունների մեջ թաթախված նախկին վարչապետը գովեստի է արժանացել Սերժ Սարգսյանի կողմից և սպասում է, թե երբ պետք է դեսպանի կարգավիճակով իր թալանածը վայելի հեռավոր երկրներում։

Եթե օֆշորային գործը չի բացահայտվում և Տիգրան Սարգսյանն այդ ու մի շարք այլ ավելի խոշոր հափշտակումների համար քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ապա ո՞ր գործարարը կհավատա Հովիկ Աբրահամյանի խոսքերին ու ներդրումներ կանի։

Փ. Հայրապետյանը իշխանության զոհն է դարձել՝ ներդրումներ անելով, ինչի՞ մասին է խոսքը։

Ի դեպ, այդ թեմային որևէ ձևով չի անդրադարձել Սերժ Սարգսյանը, ինչը խոսում է այն մասին, որ կա՛մ նրա գիտությամբ ու դրդմամբ է տեղի ունեցել «քցոցին», կա՛մ ՀՀԿ ղեկավարը դեմ չէ կառավարության նմանատիպ գործունեությանը և երբ իմացել է օֆշորի մասին՝ գովասանքի է արժանացրել Տիգրանին (տե՛ս Սերժ Սարգսյանի խոսքերն ուղղված նախկին վարչապետին՝ նորին ներկայացնելու ժամանակ)։

Եթե բյուջետային թալանը բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել, եթե լկտի ձևով գրպանվել են բյուջետային միջոցները, եթե Տիգրան Սարգսյանը կովերի պտուկների լվացման թեմայով միլիոնավոր դոլարներ է դուրս գրել ու մսխել է դրսից բերված հսկայական վարկային միջոցները, եթե նա չաշխատող բիոզուգարաններ է գնել շուկայականից հարյուրապատիկ թանկ գնով, եթե ..., ապա ...

Մի խոսքով, քանի դեռ համապատասխան քաղաքական ու իրավական գնահատական չի տրվել անցած վեց տարիների ընթացքում կառավարության գործունեությանը, ոչ մեկ չի հավատալու ոչ մի խոսքի։ Առավելևս որ նախագահի աթոռին է Սերժ Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո է տեղի ունեցել այդ ամենը։

Այնպես որ գլխից է պետք բռնել։

Հնարավո՞ր է սկսել մեր նշած մարդկանցից ... Այո՛ ... Իսկ կսկսե՞ն .... Ո՛չ ...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը