Լրահոս

16.05.2014 14:54


Հունան Համբարյանը պնդում է, որ ոչ մեկի չի բռնաբարել, ու դիմել է իրավապահներին

Հունան Համբարյանը պնդում է, որ ոչ մեկի չի բռնաբարել, ու  դիմել է իրավապահներին

Այսօրվա ասուլիսին ռոք երաժիշտ Հունան Համբարյանը մեկնաբանել է շաբաթներ առաջ իր անձի հետ կապված անախորժ միջադեպը։ Մասնավորապես, «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի շրջանակներում Համբարյանին մեղադրել են անչափահաս տղա երեխային բռնաբարելու համար։ Երաժիշտը նշել է, որ դիմել է ոստիկանություն. «Այդ հաղորդումից ինձ զանգահարեցին ու ասացին, որ հաղորդման ընթացքում իմ կարծիքն է հարկավոր ռոք երաժշտության վերաբերյալ: Ինձ հարմար չէր, աշխատանքի էի, չգնացի, բայց հետո իմանում եմ, որ ոմն Սևակ ասել է, որ ես աղանդավորական եմ, ու բռնաբարել եմ 16-ամյա Դավիթին: Նախ՝ ասեմ, որ ես այցելում եմ առաքելական եկեղեցի, իսկ երկրորդ՝ ես նման հակումներ չունեմ. ես նախընտրում եմ աղջիկներին։ Այդ Սևակին մինչև հաղորդումը ընդհանրապես չեմ ճանաչել, բայց արդեն նրա մասին շատ բան եմ պարզել, դատարանում կասեմ: Իսկ այդ լրագրողն ի՞նչ իրավունք ուներ ինձ չզգուշացնելու, որ նման հայտարարություն է արվելու, նա ինձ խաբեց, բոլորովին այլ բան ասաց: Հիմա մեր ընտանիքը չի կարողանում դուրս գալ տանից, հայրս սրտի կաթված ստանալու եզրին է, իմ շաքարն է բարձրացել: Ի՞նչ իրավունք ունեին մեր ընտանիքի անվան հետ խաղալ: «Տաշիր պիցցայում» էի աշխատում, ինձ հեռացրել են հաղորդումից հետո»,–ասել է Համբարյանը։

Բանախոսը տեղեկացրել է լրագրողներին, որ նա դիմել է Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի ՀԿ նախագահ Խաչատուր Մառոզյանին։ Այժմ գործը գտնվում է նախաքննության փուլում. «Գործը գտնվում է նախաքննական մարմնում, մենք բողոք ենք ներկայացրել սուտ մատնության համար: Հիմա շատ բան ասել չեն կարող, որովհետև գործի գաղտնիություն գոյություն ունի»։

Համբարյանը մի բացահայտում արեց, ըստ որի՝ մասնակցելով «Հայաստանի ձայնը» նախագծին՝ վիճել է ժյուրիի անձնակազմի հետ։ Նա կարծում է, որ այդ միջադեպն ինչ–որ կապ ունի տեղի ունեցածի հետ. «Այն ժամանակ հաղորդումը վարում էր Հրաչ Մուրադյանը, և այս ձևով վրեժ են լուծում ինձնից: Այդ տղային ես տեսել եմ երեք անգամ, ծանոթացել ենք համացանցով, նա ինձ դիմել էր, որ վոկալ պարապեմ իր հետ, ասացի, որ այն տարիքում է, որ չի կարելի երգել: Մենք շատ լավ հարաբերություններ ունեինք, ինձ համար զարմանալի է այս ամենը»։

Այս խորագրի վերջին նյութերը