Լրահոս

16.05.2014 15:43


«Չթողնե՛նք ստվերում ՄԻԱՎ-ի խնդիրը. զրոյացնենք ՁԻԱՀ-ից մահվան դեպքերը»

«Չթողնե՛նք ստվերում ՄԻԱՎ-ի խնդիրը. զրոյացնենք ՁԻԱՀ-ից մահվան դեպքերը»

«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ժամը 19-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 շենքի տարածքին հարող հրապարակում իրականացնում է հանրային միջոցառում «Չթողնե՛նք ստվերում ՄԻԱՎ-ի խնդիրը» խորագրի ներքո: Այս ուղերձով «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» կոչ է անում մեր քաղաքի անցորդներին միանալ ՄԻԱՎ-ի հակազդման գործին:

Ողջ աշխարհում այս օրվա շրջանակներում ավանդաբար անց են կանցվում մոմավառություն և «Քվիլթ», որոնք ուղղված են հանրության, մասնավորապես երիտասարդների, ինչպես նաև կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին սևեռելուն, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը, ՄԻԱՎ-ի խնդրի հանդեպ անտարբեր չլինելուն: Երևանյան ակցիայի մասնակիցները 52 քառակուսի կտորիկներ կկարեն ծածկոցին, քանի որ ըստ ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի տվյալների՝ 2013թ. ընթացքում Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 52 մարդ:

Նույնիսկ 1 օրով ընդհատված հակառետրովիրուսային բուժումը կարող է ճակատագրական լինել ՄԻԱՎ-ով ապրող մարդու համար: Ակցիան ուղղված է համալրելու բոլորիս ջանքերը, որպեսզի բուժման հասանելիությունը մեր երկրում չընդհատվի, և ՁԻԱՀ-ից մահվան դեպքերը զրոյանան: Այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող ավելի քան 600 մարդ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ:

Այդ օրը Հյուսիսային պողոտայի թիվ 5 շենքի տարածքին հարող հրապարակում կտեղադրվի կարմիր մեծ ժապավեն, որի մի մասը կլինի դատարկ: Անցնորդներին կառաջարկվի մոտենալ և այդ դատարկ տեղերում ամրացնել կարմիր փոքր ժապավեններ ի նշան այն բանի, որ իրենք նունպես միանում են ՄԻԱՎ-ի հակազդման գործին: Այդ անցորդները կստանան փոքրիկ նվերներ:

Ժամը 19:00-ից սկսած «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» ներկայացուցիչներն ու ակտիվիստները Հյուսիսային պողոտայի անցորդներին կտեղեկացնեն ՄԻԱՎ-ի խնդրի մասին և կառաջարկեն միանալ ակցիային: Այս ամենը կուղեկցվի երաժշտությամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներով, տեղեկատվական նյութերի տարածմամբ:

***

1988-2014թթ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 371 դեպք, որից 52-ը 2013 թ.- ընթացքում: 2014 թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1730 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 238-ը գրանցվել է 2013թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Առողջապահության Համաշխարհային կազմակերպության հաշվարկային տվյալներով՝ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 3700 է:

Այս խորագրի վերջին նյութերը