Մեկնաբանություն

17.05.2014 09:45


Անհավասարության և ստվերի երեք խորհրդանիշները

Անհավասարության և ստվերի երեք խորհրդանիշները

Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների հետ հանդիպումը մի տեսակ ամբողջական չստացվեց, քանզի ամենախոշորները ներկա չէին։

Ներկա չէր Սերժ Սարգսյանը, ով, ըստ «Ֆորբս» ամսագրի, Հայաստանի ամենահարուստ մարդկանց տասնյակում է գտնվում։

«Ֆորբսն» իր գնահատականը տվել էր տարիներ առաջ, երբ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարար էր։ Կարելի է միայն կռահել, թե Սարգսյանի մոտ վերջին վեց տարիների ընթացքում ինչպիսի անձնական եկամուտների աճ է արձանագրվել, մանավանդ որ Հայաստանը մի քանի միլիարդ դոլար վարկ վերցրեց այս ընթացքում։

Վարչապետ–գործարարներ հանդիպմանը ներկա չէին նաև Սերժ Սարգսյանի բիզնես–պրոյեկտի երեք խորհրդանիշները՝ երիտօլիգարխիան, Սաշիկը և Տիգրան Սարգսյանը։ Սաշիկն այլոց բիզնեսներում փայ մտնելու խորհրդանիշն է։ Տիգրան Սարգսյանն օստապբենդերական ոճով բյուջեն «ատկատահան» անելու և բիոզուգարանային աֆյորաներով փող ֆռռացնելու խորհրդանիշն է։ Դե, իսկ երիտօլիգարխիան բիզնեսի կենտրոնացման ու «սամալյոտի միս» ուտելու ձգտման խորհրդանիշն է։

Այս երեք սուբյեկտները չկային կառավարության նիստերի դահլիճում, հետևաբար, հավասար պայմանների մասին խոսելն անիմաստ է։

Անիմաստ է նաև ստվերից դուրս գալու մասին խոսակցությունը, քանզի հիմնականում Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն են ստվերում գործում և ձգտում մոնոպոլիզացնել բիզնեսի բոլոր ոլորտները։

Երբ նորանշանակ վարչապետը կոչ է անում ստվերը կրճատել ու խոստանում հավասար պայմաններ, գործարարների մոտ կարող է բնական հարց առաջանալ՝ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը հավասա՞ր պայմաններում են աշխատելու, ստվերից դո՞ւրս են գալու։

Անշուշտ, այդ հարցն ամեն մեկն իրեն տվել է, ու ինքն էլ պատասխանել։

Եթե Ս. Սարգսյանի մանկության ընկերներն օրը ցերեկով կարմիր ներկ են թափում փողոցում ու սկսում «պառկովշիկության» միջոցով փող հավաքել, ապա ինչո՞ւ պետք է մարդիկ հավատան հավասար պայմաններին։

Եթե մարդը կես ժամ դասախոսություն է կարդում կովերի պտուկների լվացման մասին ու 17 միլիոն դոլար փող դուրս գրում դրա համար, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է հարկ տալ այն իշխանությանը, որը գրպանելու է դրանք։

Եթե Փայլակ Հայրապետյանի փողերը գողացվել և օֆշորներում են լվացվել ամենաբարձր մակարդակով, ու դրանից հետո Տիգրան Սարգսյանին շնորհակալություն է հայտնվում, ապա ո՞վ ներդրում կանի Հայաստանում։

Եթե հեռուստագովազդի շուկան գրեթե մոնոպոլ վերահսկողության տակ է հայտնվել, ապա ո՞ւմ են ուզում հավատացնել, որ պետությունը հետևելու է բիզնեսի արդար կանոնների պահպանմանը։

Եթե Բաղրամյան 26–ն արդեն անձամբ է միջամտում հեղուկ վառելիքի շուկային, ապա ինչի՞ մասին ենք մենք խոսում։

Եթե Հայաստանում ամենատարածված անեկդոտները Սաշիկի փայ մտնելու մասին են, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի վարքագիծ է դրսևորում բիզնես խավը՝ ներդրումնե՞ր է անում, թե՞ կապիտալն արտահանում է (հանուն արդարության՝ պետք է նշել, որ խնդիրը ոչ այնքան Սաշիկն է, որքան Սերժը. Սաշիկի անունն է դուրս եկել, բայց երիտօլիգարխիան, պատկերավոր ասած, Սաշիկի գլուխը լվացել է)։

Մի խոսքով, հավասար պայմանների ու ստվերից դուրս գալու մասին խոսակցությունները լավն են, բայց դրանք պետք է վարել վերը նշված երեք խորհրդանիշների ու դրանց տիրոջ հետ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը