Քաղաքական

27.08.2009 16:40


Կիրո Մանոյան. «Եթե այս վճիռն անփոփոխ մնա, ապա այն թուրքական շրջանակների կողմից վստահաբար օգտագործվելու է»

Կիրո Մանոյան. «Եթե այս վճիռն անփոփոխ մնա, ապա այն թուրքական շրջանակների կողմից վստահաբար օգտագործվելու է»

Հիշեցնենք, որ 2000թ. Կալիֆոռնիայի նահանգն օրենք էր որդեգրել, որը Ցեղասպանության զոհերի ժառանգների համար հնարավորություն էր ստեղծում ամերիկյան կամ օտար ապահովագրական ընկերությունների դեմ Կալիֆոռնիայի դատարաններում դատական գործ հարուցել իրենց իրավունքները տվյալ ընկերություններից ստանալու համար։

2008թ. օգոստոսի 20-ին Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Ցեղասպանության զոհերի ժառանգների։

Հայցվորի առարկություններից քննարկվել է միայն մեկը՝ արդյոք Կալիֆոռնիա նահանգի օրենքը սահմանդրորեն ճի՞շտ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն արտաքին քաղաքականությունը կիրառվում է ուղղակիորեն նախագահի կողմից, և քանի որ նախորդ երկու նախագահները համաձայն չէին Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ապա դա նշանակում է, որ ԱՄՆ-ն Ցեղասպանությունը չի ճանաչում։ Հետևաբար, Կալիֆոռնիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը հակառակ է այդ քաղաքականությանը, և պետք է հռչակվի հակասահմանադրական։ Հայցվոր կողմի առարկությունն այն էր, որ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանը գերազանցել է իր իրավունքները և սկսել է արտաքին քաղաքականության մասին խոսել, քանի որ խնդրի առարկա հանդիսացող օրենքում առկա է «ցեղասպանություն» բառը։  Կողմ արտահայտված դատավորները վճռել են, որ հայցվորի առարկությունը ճիշտ է, քանի որ երկու նախագահները ոչ միայն խուսափել են արտասանել «ցեղասպանություն» բառը, այլև դեմ են եղել Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունմանը։ Մեկնաբանելով, որ այդ քաղաքականությունը ենթադրում է նաև, որ Ամերիկայի առանձին նահանգների արգելվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատավորները կողմ են արտահայտվել առարկությանը։ Փոքրամասնություն հանդիսացող դատավորի կարծիքով այդպիսի խնդիր չկա, որովհետև ոչ մի տեղ ԱՄՆ նախագահները նման արգելք չեն դրել։ Այլ հարց է, որ նրանք խուսափել են այդ բառն օգտագործելուց։

-Եթե այս վճիռն անփոփոխ մնա, ապա այն թուրքական շրջանակների կողմից վստահաբար օգտագործվելու է մնացած բոլոր նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումները դատական վճռով չեղյալ համարելու և նույնիսկ ողջ Կոնգրեսին այս վճռի հիման վրա որևէ բանաձև որդեգրել  արգելելու համար,- «Դե ֆակտո» ակումբում օգոստոսի 20-ին Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանի դատավճռի մասին խոսելիս՝ ասել է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նա նաև առաջարկել է՝ ինչ կարելի է անել։ Նրա կարծիքով խնդիրը կարող է լուծվել երկու ուղղությամբ՝ իրավական և քաղաքական։ Իրավական միջոցներով առաջնորդվելով՝ կարելի է դիմել, որ փոխանակ այս հարցը երեք դատավորներով քննելու, լսեն ավելի մեծ թվով դատավորներ։ Մյուս հնարավորությունն այն է, որ այս դատավճիռն այլ գործերի համար որպես նախադեպ չօգտագործվի։ Եթե այս երկուսը ձախողվեն, տեսականորեն հնարավորություն կա դիմելու Սահմանադրական դատարան, ինչը, սակայն, Կիրո Մանոյանի խոսքերով, գործնականորեն շատ դժվար է։

Մյուս ճանապարհը քաղաքական ճանապարհն է։ Այդ առումով ՀՅԴ ԱՄՆ հանձնախումբն արդեն որոշ քայլեր ձեռնարկել է։ Հանձնախումբը  նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով հստակեցնել, որ «ցեղասպանություն» բառն օգտագործելը չի նշանակում արգելել որևէ նահանգի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նամակում նաև ասվում է, որ Օբամայի՝ Ցեղասպանությունը չճանաչելը առիթ է հանդիսացել, որ դատարանը նման եզրակացության գա։ 

Արփի Բեգլարյան

 

Այս խորագրի վերջին նյութերը