Լրահոս

20.05.2014 13:48


Արմեն Ռուստամյան. «Վերջնական վճիռը դեռ չենք կայացրել»

Արմեն Ռուստամյան. «Վերջնական վճիռը դեռ չենք կայացրել»

Ինպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովում փակ գաղտնի ձևաչափով տեղի կունենա ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունը։ Այդ պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանին։ Ավելի վաղ ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը» պաշտոնապես հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրությանը, իսկ ՕԵԿ–ն ազատ է թողել քվեարկությունը։ «7օր»-ի հարցին՝ ինչպե՞ս է քվեարկելու ՀՅԴ խմբակցությունը ԿԲ նախագահի ընտրությանը, Արմեն Ռուստամյանը պատասխանել է.

-Մեր մոտեցումը շատ հստակ է. դա մեր քաղաքական դիրքորոշումից է բխում: Ինչպես տեսել եք, մենք չենք մասնակցել վերջին փակ գաղտնի քվեարկություններին, որոնք տեղի են ունեցել: Եվ դա բացատրել ենք՝ ինչու: Հիմա այս պահին, բնականաբար, այդ դիրքորոշումը պահպանվում է, և այդ պատճառով է, որ չենք մասնակցելու: Այսինքն, անձի հետ կապված խնդիր մենք չունենք: Մեր խնդիրը կապված է ընդհանրապես քվեարկությունների տրամաբանության հետ, և մեր քվեարկել-չքվեարկելը որևէ ազդեցություն, ինչպես տեսնում ենք, արդյունքների վրա չի թողնում: Հակառակը՝ անձամբ ես անձի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ: Արթուր Ջավադյանը փորձառու մարդ է, մասնագետ է, դա ապացուցել է բազմիցս... Մենք ընդդիմություն ենք, և բնական է, որ ունենք, ասենք, մեր տարաձայնությունները, եթե չասեմ՝ հակադրությունը վարվող, ընդհանրապես, տնտեսական քաղաքականության հետ կապված:

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած ծրագրին, պատգամավորը նշել է, որ առաջին տպավորությունն այն է եղել, որ փորձ է արվել նրանց հիմնական առաջարկները շրջանցել. «Սակայն որոշ առաջարկներ ընդունվել են: Արդարության համար պետք է նշել, որ այնպես չի, որ ամբողջությամբ մերժվել են առաջարկները, բայց որքանով է դա մեզ գոհացնելու, վերջնական ուսումնասիրության արդյունքում կասենք։ Վերջնական վճիռը դեռ չենք կայացրել»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը