Լրահոս

20.05.2014 14:33


61-ամյա քաղաքացին մեղադրվում է լրտեսության ձևով պետական դավաճանություն կատարելու մեջ

61-ամյա քաղաքացին մեղադրվում է լրտեսության ձևով պետական դավաճանություն կատարելու մեջ

«Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ Երևանի 61-ամյա բնակիչ Խաչիկի դեմ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան:

Այսպես, ըստ գործի նյութերի՝ Խաչիկը ֆինանսական խնդիրների լուծման և գումար վաստակելու ակնկալիքով 2013 թվականի օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաք՝ սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապվել է դեսպանության աշխատակից ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ և առաջարկել իր ծառայությունները։
Վերջինիս միջնորդությամբ՝ արդեն 2013թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանից այցելած Մախմուդ անունով ներկայացած մի անձնավորության հետ, ով Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է եղել։
Խաչիկը նրանից ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար և առաջադրանք՝ տվյալներ հավաքել ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ: Ինչպես հետագայում պարզվել է, այդ անձնավորությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Կարապետյանն է եղել: Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են նաև հայ պաշտոնյայի սիրուհու կենսորոշիչ տվյալներով ու բնակության հասցեով։
Արդեն 2013 թվականի հոկտեմբերի 20-ին նա Թբիլիսի քաղաքում Մախմուդին է փոխանցել իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող էլինայիի տվյալները, որին չէր համակրում։ Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով, վարկաբեկելու նպատակով: 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ինտերնետային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է հոդված «Ադրբեջանական հետախուզությունը Երևանում» վերնագրով։
Այդ տվյալների փոխանցման ժամանակ Խաչիկն ստացել է երկրորդ առաջադրանքը, այն է՝ ճշտել ՀՀ ՊՆ սննդամթերքի, հագուստեղենի, զենք-զինամթերքի, դեղորայքի թվով 4 պահեստների տեղակայման կոնկրետ վայրերն ու հասցեները, կատարել նկարահանումներ, ինչպես նաև՝ հավաքել տեղեկատվություն Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զինվորական բազայի վերաբերյալ։

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը