Մեկնաբանություն

20.05.2014 16:38


Սաշիկը «Վերնիսաժում»

Սաշիկը «Վերնիսաժում»

«Վերնիսաժում» տեղի ունեցած ցավալի միջադեպը մեծ ուրախություն է պարգևել «անկախ» լրատվամիջոցներին ու նրանց տերերին։ Պատճառն այն է, որ հնարավորություն է ստեղծվել «չերեզ» ԲՀԿ–ական պատգամավորի փեսա՝ «բոչկա» գլորել ԲՀԿ–ի ուղղությամբ, ու հանդես գալ «թունդ քննադատի», դեպքերին օպերատիվ արձագանքողի ու սրտացավի դիրքերից։

Ինչպես հայտնի է, օրերս «Վերնիսաժի» տարածքում վիճաբանություն էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ, վիրավորվել էին ինչպես վեճի մասնակիցները, այնպես էլ այդ ամենի հետ կապ չունեցող մարդիկ։

Այն, որ մեղավորները պետք է պատժվեն, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Երկրորդ կարծիք լինել չի կարող նաև այն հարցում, որ անբարոյականություն է կենցաղային հողի վրա տեղի ունեցած կրակոցները հիմք ընդունելով՝ քննադատական խոսք հնչեցնել ԲՀԿ–ի ու այդ կուսակցության ղեկավարի հասցեին։

Պարզից էլ պարզ է, որ «1in.am»–ներին ու դրանց տերերին միջադեպը հետաքրքրում է այնքանով, որքանով հնարավորություն կա ԲՀԿ–ի վրա «մուտիլովկաներ» տարածել։ Թե չէ, Սերժն ու իր մանկլավիկներն այդ ո՞ր օրվանից են մտահոգված քաղաքացիների կյանքով ու երկրում տիրող ամենաթողության մթնոլորտով։

Նկատենք, որ նույն այդ լրատվամիջոցները ձկան նման համր էին դարձել, երբ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի որդին ու նրա ընկերներն էին հրազենի օգտագործմամբ «ռազբորկայի» մասնակցել՝ ոտքից վիրավորելով գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորն ու գլխից վիրավորելով Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին ղեկավար, վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբորը։

«Անկախ» մամուլն այդ օրերին լուռ էր՝ ինչպես բելառուսական պարտիզանը։ «Սաստիկ քաղաքացիականներից» մինչև արմանբաբաջանյաններ համավոր հարս էին դարձել ու ծպտուն չէին հանում Սաշիկի որդու «սխրագործության» մասին, քանզի Բաղրամյան 26–ից արգելել էին որևէ բան գրել այդ թեմայով։ Մինչև օրս էլ այդ թեման փակ է։

Այժմ նման «տաբու» դրված չէ, քանի որ առիթ է ստեղծվել ԲՀԿ–ի դեմ «դհոլություն» անելու։ Դա է պատճառը, որ «անկախ» մամուլին ոչ թե վիրավորներն ու նրանց առողջությունն է հետաքրքրում, այլ Յուվեցի Կարոյի փեսայի միջոցով ԲՀԿ–ի թեման շոշափելն ու կոկորդիլոսի արցունքներ թափելն օլիգարխիայի պահով։ Եվ այդ ամենը՝ երկրի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։

Հետաքրքիր է, իսկ եթե Սաշիկը լիներ «Վերնիսաժում», ապա նույնպիսի օպերատիվություն և վիրավորների հանդեպ սրտացավություն կցուցաբերեի՞ն «անկախները»։

Հետաքրքիր կլիներ իմանալը, թե արդյոք «1in.am»–ները նույնպիսի վարքագիծ կդրսևորեի՞ն, եթե նմանատիպ պատմության մեջ հայտնվեր ոչ թե «այլընտրանքային փեսան», այլ «անայլընտրանք փեսան»։

Սրանք հռետորական հարցադրումներ են։ Պատասխանները բոլորիս են հայտնի։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ «Վերնիսաժում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մասնակիցները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Բայց արդյոք դա կբացառի՞ հետագայում նման պատմությունների կրկնությունը։ Ցավոք՝ ոչ։ Պատճառները բազմաթիվ են, բայց գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի նախագահի պաշտոնը ձեռք գցվեց մարտի 1–ի տասը զոհերի գնով։

Այս խորագրի վերջին նյութերը