Մեկնաբանություն

21.05.2014 00:20


Ինչո՞վ է տարբերվում «նոր» կառավարությունը հնից

Ինչո՞վ է տարբերվում «նոր» կառավարությունը հնից

Մի բան հաստատ է. ժողովրդի համար չկա ավելի ձանձրալի տեքստ, քան կառավարության ծրագիրն է: Ժողովրդին չի հետաքրքրում, թե ինչ է գրված այնտեղ: Նա, ինչպես ասում են, ուղղակիորեն, սեփական մաշկի վրա է զգում կամ ոչինչ էլ չի զգում, թե որքանո՞վ է կառավարությունը արդյունավետ գործում, ինչի արդյունքում իր վիճակը կա՛մ շեշտակիորեն վատանում է (ինչպես վերջին վեց տարիներին), կա՛մ փոքր-ինչ բարելավվում է ապրելակերպը:

Մնացածը ժողովրդին չի հետաքրքրում, մանավանդ, որ Հովիկ Աբրահամյանի կաբինետի «իրատեսական, խստապահանջ եւ ականջալուր» ծրագիրը դեռ նոր պետք է իրականացվի:

Թեպետ, «ականջալուր»-ի մասով արդեն հայտնի է, որ այդ ծրագրի նախաբանում գրեթե ամեն պարբերության մեջ շեշտված է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Այսինքն՝ «նոր» կառավարության նոր ծրագրի «կարկասը» պարզ է՝ ամեն ինչ պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Մայր օրենքը կփոխե՞նք, ուրեմն՝ «թափով կզարգանանք», ոչ՝ ոչ:

Բայց ամբողջ հարցն այն է, որ թեեւ ծրագրում շեշտված է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, սակայն խորհրդարանում ծրագրի քննարկման ժամանակ վարչապետը չպատասխանեց հարցին, թե այդ փոփոխություններով անցում կատարվելու է կառավարման խորհրդարանական համակարգի՞ն, թե՞ ոչ:

Պարզվում է, վերջնական որոշում կայացնողը «Վերջի բոլշեւիկն» է, ով, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ այլեւս նախագահի պաշտնում չի առաջադրվի, իսկ եթե ընտրվի կառավարման խորհրդարանական համակարգը, որն իր սրտով չէ՝ վարչապետի պաշտոնից էլ կհրաժարվի: Իսկ հիմա, ի տարբերություն, մեկ ամիս առաջ տեղի ունեցած ակտիվ քննարկումների, սահմանադրական փոփոխությունների գործընթացը մշուշով են պատել եւ սպասում են Սերժ Սարգսյանի վերջին խոսքին:

Միևնույն ժամանակ Սարգսյանը Շարմազանովի շուրթերով հայտարարել է ՀՀԿ–ի առաջնորդող դերի մասին ու որևէ բան չի ասել կառավարման սովետական մոդելին անցնելու հետո ԱԺ նախագահ դառնալ–չդառնալու մասին։

Տպավորությունն այնպիսին է, կարծես, նախագահությունից ու վարչապետությունից հրաժարվող Սարգսյանն իրեն «թանկացնում» է այն աստիճան, որ բոլորը խնդրեն ու համոզեն իրեն, որպեսզի համաձայնվի կառավարման խորհրդարանական համակարգին, որ դառնա «գենսեկ»:

Բայց դառնանք մեր «ոչխարներին»:

Ըստ էության, «նոր» կառավարության ծրագրում ոչ մի նոր բան էլ չկա: Չէ, կարծես թե մի նոր բան կա, պատրաստվում են վարչապետերի ակումբ ստեղծել: Սա ամենահրատապ խնդիրն է, իրոք, մեր հարուստ երկրում անհարմար է, որ մինչեւ հիմա նման ակումբ չունենք:

Իսկ ընդհանրապես «Կուտակային»–ի մասով ձեւակերպումն է փոխված՝ «պարտադիր է, բայց ոչ պարտադրված»: Այս հարցով ՍԴ-ի ռեբուս հիշեցնող որոշումն իբր շատ էինք մարսել, հիմա էլ այս ձեւակերպումը:

Մնացած ոլորտներին վերաբերող հատվածներում էլ դեռ միայն խոստումներ են, որ հիշեցնում են Սերժ Սարգսյանի կուսակցական համագումարներում ու նախընտրախան շրջաններում հնչեցրած ճառերը՝ «իրականացնելու ենք», «ապահովելու ենք», «աջակցելու ենք», «մեկնարկելու է» եւ այլն:

Մի խոսքով ապառնի-անկատար ժամանակով:

Նույնը ասում էր նախկին վարչապետը եւ տեսանք, թե ինչը «իրականացրեց» ու «ապահովեց», ինչին «աջակցեց»:

Ստվերի դեմ պայքարի մասին հերթական խոստումն էլ անպակաս է այս ծրագրից: Բայց դե գիտենք, թե անցած տարիներին իշխանությունն ու կառավարությունն ինչպես է պայքարել եւ ենթադրելի է, թե հետագայում էլ ինչպես են իրենք իրենց ու յուրայիններին ստվերից դուրս քաշելու: Երբ բոլոր իշխանավորները, բարձրաստիճան պաշտոնյաները մի «ալիբի» են գտել ու հերթով ասում են՝ «Էկեք իմ բիզնեսները ձեզ տամ»: Իբր չունեն, ո՞նց ենք խեղճերին մեղադրում:

Ամենաուշագրավն այն է, որ, Հովիկ Աբրահամյանը չի համարում, որ ինքը ծանր ժառանգություն է ստացել: Իր նախորդի «փառապանծ» գործունեությունը չի ցանկանում որեւէ կերպ գնահատել:

Դե, Սերժ սարգսյանը հրահանգել է չփնովել:

Բայց եթե լռում ու պարտակում են, չեն ցանկանում գնահատել նախորդ կառավարության գործունեությունը, ավելին՝ Տիգրան Սարգսյանի պատժելու մասին լսել անգամ չեն ուզում՝ ի՞նչ երաշխիք, որ «Նոր» կառավարությունը, Սերժ Սարգսյանի «խստապահանջ» հայացքի ներքո գործելով, կարող է ինչ-որ դրական արդյունքներ արձանագրել:

Երաշխիք չկա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը