Լրահոս

21.05.2014 08:31


Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության համար ոչ մի գործող համակարգ չկա

Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության համար ոչ մի գործող համակարգ չկա

Այսօրվա դրությամբ հեղինակային իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանում շարունակում է մնալ գերխնդիր: Անընդհատ կարծես փորձեր են արվում պայքարելու արվեստագետների, գիտնականների և առհասարակ ստեղծագործող մարդկանց հեղինակային իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, բայց ըստ էության այս հարցում զարգացումներ չեն իրականանում:

Դեռ երկու տարի առաջ համացանցում լայնորեն տարածվեց մի տեղեկատվություն(http://www.youtube.com/watch?v=I1qE5l1tjZw), թե ստեղծվում է մի համակարգ, որն իբր պետք է լուրջ ներդրում ունենա վերոնշյալ խնդրի լուծման համար: Մասնավորապես խոսքը վերաբերում էր երգիչների և երգերի հեղինակների հեղինակային իրավունքների պաշտպանությանը, ասել է թե առաջարկված լուծումը թիրախային էր, այլ ոչ թե` համապարփակ:

Ինչպես քիչ առաջ նշվեց 2011թ-ին «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը մասնակցեց «Հեղինակային իրավունքների պաշտպանությունը օնլայն տիրույթում» խորագրով մամուլի ասուլիսին, որին ներկա էր նաև «Իդե Ժենի» ընկերության ներկայացուցիչը, որը ներկայացրեց իրենց ընկերության կողմից ստեղծված համակարգը, որը պետք է դառնար ինչ-որ տեղ դարման մեր երգիչների համար: Վերջինս խոսեց իրենց կողմից մի երաժշտական պորտալի ստեղծման մասին (www.muzon.am), որը թույլ կտար ցանկացածին ներբեռնել իր սիրած երգչի երգը լիովին անվճար` երբ միևնույն ժամանակ մարդը չէր խախտի որևէ օրենք, ինչպես նաև չէր վնասի տվյալ երգի հեղինակին: Փորձենք պարզաբանել, թե ինչպես պետք է գործեր տվյալ մեխանիզմը:

Բանն այն է, որ «Իդե Ժենի» ընկերությունը պետք է ստանար տեղացի երգիչներից իրենց ստեղծագործություններն օգտագործելու և տարածելու հեղինակային իրավունքները և տեղադրեր դրանց mp3 տարբերակները www.muzon.am կայքում, որից յուրաքանչյուր օգտատեր կկարողանար անվճար կերպով ներբեռնել կայքում տեղ գտած բոլոր երգերը: Ներբեռնման համար պարզապես օգտվողը ստիպված պետք է լիներ դիտել կարճ գովազդային հոլովակ: Մեծ հաշվով չեմ կարծում, որ դա չափազանց մեծ դժվարություն կլիներ, կամ էլ ժամանակի կորուստ, եթե գիտես որ ներբեռնումն անվճար է և որ ամենակարևորը` օրինական:

Ինչևէ, ասածս հետևյալն է` նույնիսկ այդ համակարգն էական փոփոխություններ չմտցրեց ոլորտում, սակայն շարունակում է իր գործունեությունը՝ ավելի շոշափելի փոփոխությունների հասնելու նպատակով: Փաստացի այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ ոչ այդ համակարնգն է լիարժեք աշխատում, ոչ էլ գոյություն ունի մեկ ուրիշ կազմակերպություն, որը կարող է մեկընդմիշտ լուծել մեր ստեղծագործողների իրավունքների պաշտպանության հարցը:

Ըստ իս՝ տվյալ հարցին պետք է ցուցաբերվի լուրջ պետական աջակցություն այլապես մենք ոչ մի լուրջ արդյունք չենք կարողանա գրանցել: Կարծում եմ, որ նման տիպի կազմակերպությունների համար մեծ օգնություն կլիներ պետական աջակցությունը՝ իրենց անձնանվեր գործը նպատակին հասցնելու և դրական արդյունքներ արձանագրելու համար:

Կարինե Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը