Լրահոս

21.05.2014 10:06


ՄԻՊ. «Արդարադատության նորանշանակ նախարարը դրական քայլեր է ձեռնարկել»

ՄԻՊ. «Արդարադատության նորանշանակ նախարարը դրական քայլեր է ձեռնարկել»

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ՝ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ կալանավորված անձանց հետ մեկ խցում պահելու դեպքերը բացառելու ուղղությամբ:

Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի 1-ին տեղակալն այլ կալանավորված անձանց հետ միասին պահվում էր միևնույն խցում: Իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ ազատազրկվածներից անջատ պահելը, սակայն, օրենսդրական պահանջ է: Այն չպահպանելը կարող է հանգեցնել վերջիններիս նկատմամբ բռնության հնարավոր դրսևորումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Պաշտպանի միջամտության արդյունքում Քրեակատարողական վարչության պետին տրվել է ցուցում՝ անվերապահորեն պահպանել օրենսդրությամբ նախատեսված պահանջները և բացառել նմանատիպ դեպքերը:

Արդարադատության նախարարությունը նախկինում ժխտում էր իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների հանդեպ օրենսդրության պահանջի խախտման դեպքերը, մինչդեռ Պաշտպանի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմը (ԲԿԱՄ) տեղում իրականացրել էր ուսումնասիրություն և արձանագրել այդ խախտումները:

Օմբուդսմենի աշխատակազմը բարձր է գնահատում Արդարադատության նախարարության պատրաստակամությունը և ակնկալում է արդյունավետ համագործակցություն:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը