Լրահոս

21.05.2014 10:49


Արցախի վարչապետը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների հետ

Արցախի վարչապետը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների հետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ Արցախ այցելած խմբին՝ հիմնադրամի գործադիր տնօրենի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի զարգացմանը և Հիմնադրամի կողմից կատարված աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Ա. Հարությունյանը ողջունել է ներկաներին՝ յուրաքանչյուր տարի կազմակերպվող հանդիպման այդ ձևաչափը համարելով առիթ կատարված աշխատանքների վերաբերյալ բարերարներին հաշվետվություն ներկայացնելու համար: Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում կառավարության և հիմնադրամի համատեղ ջանքերով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր՝ դպրոցների, համայնքային կենտրոնների, ջրագծերի և այլ ենթակառուցվածքների տեսքով:

Ա. Հարությունյանը մատնանշել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի՝ արդեն սկսված վերակառուցումը՝ որպես ռազմավարական նշանակության ծրագիր Արցախի համար: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է այն հանգամանքը, որ այդ նախագիծը ցույց տվեց, որ ԼՂՀ իշխանությունները զարգացնում են հանրապետության ազատագրված շրջանները ոչ միայն խոսքով, այլև` գործով: Այդ համատեքստում վարչապետն առանձնացրել է գյուղատնտեսության և ենթակառուցվածքների զարգացմանը միտված մի շարք այլ ծրագրեր, որոնք իրագործվում են սահմանամերձ տարածքներում: Ի մասնավորի՝ նա մատնանշել է Արաքսի ափին վերջերս հիմնված Արաքսավան գյուղը, հարավային թևի հողերի գյուղատնտեսական յուրացումը, ինչպես նաև Թալիշում օրեր առաջ բացված պոմպակայանը, որի շնորհիվ ավելի քան 1000 հեկտար հողատարածք դարձել է ոռոգովի:

Բարերարներից մեկի խնդրանքով՝ Արա Հարությունյանը անդրադարձել է ջրամատակարարման բնագավառում կատարված աշխատանքներին: Ըստ գործադիրի ղեկավարի՝ վերջին տարիներին պետական և բարեգործական միջոցներով շուրջօրյա ջրամատակարարում է ապահովվել բնակչության ճնշող մեծամասնության համար՝ ընդգրկելով գրեթե բոլոր քաղաքները: Նա նշել է, որ ողջ հանրապետությունում այդ հարցը կլուծվի մինչև 2017թ.:

Վարչապետը պատասխանել է նաև էներգետիկային, հանքարդյունաբերությանը և աշխատաշուկային վերաբերող մի շարք այլ հարցերի: Ներկաների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրականացվելիք որոշ ծրագրերի վերաբերյալ: Ա. Հարությունյանը վերջում շնորհակալություն է հայտնել հիմնադրամի բոլոր բարերարներին՝ Արցախի զարգացման գործում հետևողական մասնակցության համար:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը