Քաղաքական

21.05.2014 15:24


Քառյակն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել. ինչպե՞ս են քվեարկելու

Քառյակն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել. ինչպե՞ս են քվեարկելու

Քիչ առաջ ԱԺ–ում ավարտվել է ոչիշխանական խմբակցությունների՝ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» աշխատանքային փակ խորհրդակցությունը։

«7օր»–ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ խմբակցությունները միմյանց են ներկայացրել Կառավարության ծրագրի հետ կապված իրենց մոտեցումները։ Այդ ծրագրի քվեարկության ձևաչափի միասնական որոշում, սակայն, դեռ չի կայացվել։

–Միասնականություն արդեն իսկ կա այն առումով, որ այս ծրագիրը ընդունելի չէ քառյակի ուժերի համար։ Իսկ թե կոնկրետ որ խմբակցությունն ինչպե՞ս կքվեարկի՝ մնալով այդ տրամաբանության մեջ, դա կարող ենք հետագայում հստակեցնել։ Բոլորի տրամաբանությունն էլ դեմն է. չեն ընդունում ծրագիրը, բայց քվեարկության եղանակը դեռ կորոշվի,–ասել է Ա. Ռուստամյանը։

Կոնկրետ ՀՅԴ–ն համարում է, որ պետք է քվեարկել դեմ, այլ ոչ թե բոյկոտել։

–Դեմ քվեարկելը ճիշտ է, քանի որ դա հստակ դիրքորոշում է արձանագրում։ Տվյալ պարագայում կարևոր փաստաթղթի հետ կապված հարց է, և այստեղ երկիմաստ մեկնաբանությունների տեղիք չպետք է տալ։ Չքվեարկելը կարող է ուրիշ մեկնաբանություններ առաջացնել։ Անգամ երբ դեմ ենք քվեարկում, էլի սկսում են հարցեր տալ՝ լրի՞վ դեմ եք, թե՞ ոչ,–ավելացրել է Ա. Ռուստամյանը։

Ի դեպ, չի բացառվում, որ Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ այս քառօրյայում հնարավոր չլինի ավարտել, և արտահերթ նիստ հրավիրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը