Լրահոս

22.05.2014 10:17


Լրագրող Անի Գևորգյանին թույլ չեն տվել մտնել ՀՔԾ

Լրագրող Անի Գևորգյանին թույլ չեն տվել մտնել ՀՔԾ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ «ՉԻ» լրագրող Անի Գևորգյանին արգելել են մուտք գործել Հատուկ քննչական ծառայություն և մասնակցել իր նկատմամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ առերեսմանը ոստիկանների հետ: Լրագրողը ՀՔԾ էր կանչվել փետրվարի 12-ին տեղի ունեցած «հերոս» ոստիկանների հետ առերեսվելու համար:

Գլխավոր դատախազության մուտքի մոտ նրան արգելել են ներս մտնել, ասել են, թե ցույց տա՝ ինչ կա պայուսակներում: Տեսնելով, որ պայուսակներից մեկի մեջ տեսախցիկ կա, ոստիկանները հայտարարել են, թե տեսախցիկով մուտքը շենք արգելվում է, և որ տեսախցիկը պետք է իրենց մոտ մնա: Գևորգյանն ասել է, որ նախկինում բոլոր հարցաքննություններին ներկայացել է նույն պայուսակով, որի մեջ իր աշխատանքային տեխնիկան է, և երբևէ դրանցով ներս մտնելիս խնդիր չի եղել: Ոստիկանները զանգահարել են քննիչին և ասել են, որ լրագրողը հրաժարվում է տեսախցիկը իրենց հանձնել: Այնուհետև քննիչը զանգահարել է լրագրողին, սկսել է բղավել նրա վրա, ապա հրաժարվել է լրագրողին թույլ տալ ներս մտնել և մասնակցել առերեսմանը:

Հիշեցնենք, որ քրեական գործը, որով լրագրողին կանչել էին քննչական գործողության, վերաբերում է փետրվարի 12-ի դեպքին, երբ Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել էին «ՉԻ» լրագրողի մասնագիտական գործունեությունը, փորձել էին խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել էին ու չէին վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել լրագրողի նկատմամբ: Եվ ահա, այսքանից հետո էլ, երեկ ոստիկանները լրագրողից պահանջում էին տեսախցիկը հանձնել իրենց»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը