Մեկնաբանություն

22.05.2014 13:34


Սերժ Սարգսյանի գորիսյան «մեսիջը»

Սերժ Սարգսյանի գորիսյան «մեսիջը»

Եվ այսպես, Գորիսի քաղաքապետի ընտրություններն արդեն ավարտվեցին։ Ճիշտ է, բուն քվեարկությանը դեռ շատ կա, բայց արդյունքներն արդեն հայտնի են. քաղաքապետ է դառնում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն։

Բանն այն է, որ օրերս ինքնաբացարկ էր հայտնել Սուրիկ Խաչատրյանի տան բակում սպանված և վիրավորված Բուդաղյանների եղբայր Արան, ով այդ քայլին էր դիմել քաղաքապետի մեկ այլ թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանի օգտին ձայները կենտրոնացնելու համար։

Ըստ տարածված տեղեկությունների՝ Տիգրան Կարապետյանը վայելում է նաև Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությունը։ Հիշեցնենք, որ վերջինս մարզպետ դարձավ այն բանից հետո, երբ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական ներկայացրեց իր տան բակում տեղի ունեցած սպանության պատճառով։ Հրաժարական ներկայացրեց, բայց քրեական պատասխանատվությունից խուսափեց, քանզի Սերժին նման մարդիկ են պետք։

Դառնանք ընտրություններ կոչվածին։

Սերժ Սարգսյանի ու Սուրիկ Խաչատրյանի կողմից պաշտպանվող թեկնածուի և գործող մարզպետի ու հանրային աջակցությունն ունեցող թեկնածուի միջև Գորիսում սպասվում էր թեժ պայքար։ Սակայն պարզվեց, որ պայքար չի լինելու, քանզի Տ. Կարապետյանը ինքնաբացարկ հայտնեց։

Պարզից էլ պարզ է, որ եղել են ճնշումներ, ինչպես նաև պարզ է, որ Սերժ Սարգսյանը Լիսկային դե ֆակտո վերադարձնում է մարզպետի ու տեղական նշանակության «նայողի» կարգավիճակը։ Եթե ոտքի տեղը պնդացնի, ապա նույն Լիսկան արդեն դե յուրե կվերադառնա Սյունիքի մարզպետի աթոռին։

Անայլընտրանք թեկնածուով Գորիսի քաղաքապետի ընտրություններ անցկացնելը «Վերջի բոլշևիկի» «մեսիջն» է հայ ժողովրդին առ այն, որ ինքը խրախուսում է տեղական խանիկների գոյությունը։ Դա նաև բացահայտում է Սերժի ծրագրերը, ըստ որոնց՝ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները բերելու են այն բանին, որ Սերժը լիսկաների միջոցով ձևավորի իր ուզած խորհրդարանն ու հավերժ իշխի։

Գորիսում տեղի ունեցածը, հետևաբար, ևս մեկ փաստարկ է այն թեզի օգտին, որ Բաղրամյան 26–ի առաջարկած սահմանադրական փոփոխությունները պետք է մերժել, քանզի մինի մոդելով արդեն ցույց է տրվում, թե որն է Սերժի երազած համակարգի էությունը։

Եթե սահմանադրական փոփոխությունների հարցը դրվի հանրաքվեի, ապա դա պետք է տրանսֆորմացնել Սերժի անվստահության հանրաքվեի։

Ի դեպ, Սերժն այդ վտանգը զգում է, և դա է պատճառը, որ նիկոլփաշինյանների, «անկախ» լրատվամիջոցների, ներդրված հաճախորդների և նմանատիպ սուբյեկտների միջոցով պայքարում է ոչիշխանական քառյակը պառակտելու և «ոչիշխանական ուժերն էլ մի բան չեն» «մուտիտը» տարածելու համար։ Այդ նպատակին հասնելու համար նա աշխատեցնում է իր գեղամյաններին հատկապես ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ, քանզի իր իշխանությունը հավերժացնելու խոչընդոտն այդտեղ է տեսնում։

Այնպես որ, բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր չեն ուզում Հայաստանի ամբողջ տարածքը վերածել Գորիսի պես խանության, պետք է իրենց քննադատության միակ թիրախը դարձնեն Սերժ Սարգսյանին ու մերժեն Սերժի վերարտադրության ծրագիր հանդիսացող սահմանադրական փոփոխություններին գնալու հարցը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը