Մեկնաբանություն

23.05.2014 12:33


Տիգրան Սարգսյանի ուրվականն ու նաֆսը

Տիգրան Սարգսյանի ուրվականն ու նաֆսը

Մի ուրվական է շրջում «նոր» կառավարության միջանցքներում՝ Տիգրան Սարգսյանի ուրվականը։ Դա նաֆսի նշան է։

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, թող զարմանալի չթվա, ավելի թույլ վիճակում է, քան Տիգրան Սարգսյանինը։ Կա երկու պատճառ։ Եթե Տիգրան Սարգսյանը 2008–ին ներկայացրած կառավարության ծրագրում, հղում անելով նախորդից ստացած լավ ժառանգությանն ու տնտեսական բարձր ցուցանիշներին, ոսկե սարեր խոստացավ (այդ հետո պետք է նույն Տիգրան Սարգսյանը, սեփական ձախողումներն արդարացնելու համար, խոսեր ծանր ժառանգությունից ու էժանագին ձևով «ատմազկաներ» ներկայացներ), ապա Հովիկ Աբրահամյանն, իրոք, ծանր ժառանգություն է ստացել ու ստիպված է միայն շոուներով «յոլա» գնալ։

Բացի այդ, Տիգրան Սարգսյանը վայելում էր Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունը, քանզի հանդիսանում էր վերջինիս սուպերօլիգարխիկ ծրագրերի կատարողն ու կոռուպցիոն սխեմաների իրագործողը։ Տիգրան Սարգսյանին չէր ընդունում խորհրդարանական մեծամասնությունը և նրան հանդուրժում էր միայն Բաղրամյան 26–ի ճնշման տակ։

«Օֆշորի Տիկոն» անընդունելի էր նաև հանրության լայն շրջանակների և հատկապես փոքր, միջին ու խոշոր բիզնեսի կողմից։ Սակայն այս պայմաններում նա ձգեց վեց տարի, քանզի, կրկնենք, գտնվում էր Սերժ Սարգսյանի պաշտպանության տակ։

Հայտնի գործընթացների արդյունքում Սերժ Սարգսյանը վախեցավ ու հանձնեց Տիգրանին։

Հիմա Հովիկ Աբրահամյանը հայտնվել է մի վիճակում, երբ չի վայելում նախագահականի աջակցությունը (տե՛ս Սերժ Սարգսյանին պատկանող «Գեբելսյան» քարոզչամեքենայի գործունեությունը) և ստիպված է, պատկերավոր ասած, անընդհատ ապացուցել, որ սիրում է՝ Տիգրան Սարգսյանից էլ ավելի Տիգրան Սարգսյան խաղալով։ Բայց որքան նա, ԲՀԿ–ի ու ոչիշխանական քառյակի դեմ աշխատելով, ապացուցում է իր սերն առ Բաղրամյան 26, այնքան թուլացնում է սեփական դիրքերը։ Արդյունքում՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը դառնում է նորացված, բայց ոչ նոր, այսինքն՝ «կուտակայինի» պես պարտադրված, բայց ոչ պարտադիր։

Տիգրան Սարգսյանի հեռացումն ուշ ստացվեց, բայց ոչ ուշացած։ Ոչ ուշացած այն առումով, որ դեռ կարելի է շտկել իրավիճակը՝ Սերժ և Տիգրան Սարգսյանների ձեռքերով ստեղծված իրավիճակը։

Հովիկ Աբրահամյանն ունի հարյուր օր։ Դա ստանդարտ ժամանակահատված է։ Եթե այդ ընթացքում հանրային նշանակության հարցերը, որոնք արագ լուծումներ են պահանջում, և որոնք հնարավոր է արագ լուծել, չլուծվեցին, և կառավարությունը լծվեց բացառապես սահմանադրական փոփոխությունները հորով–մորով անելու գործին, ապա Տիգրան Սարգսյանի ուրվականը և նաֆսը չար կատակ կխաղան Աբրահամյանի գլխին։ Համարյա «ֆիլմ–ուժաս» կլինի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը