Մեկնաբանություն

24.05.2014 00:48


Կրթական ոլորտը գնաց համագումարյան ծափերին ընդառաջ

Կրթական ոլորտը գնաց համագումարյան ծափերին ընդառաջ

Էս մեր կառավարության անդամները տարին մի անգամ շոու-այցերի շրջանակներում մտնում են դպրոց ու դպրոցների տնօրեն-ուսմասվար, չգիտեմ՝ ողջ կոլեկտիվը մի տասը տակ ծալվում են սրանց առաջ:

Էդ հերիք չի, երեխաներին էլ սովորեցնում քծնել բարձրաստիճան հյուրերին:

Մանկավարժներն ամբողջ տարին ողբում են, որ գրոշներ են ստանում, իսկ կառավարությանն այնպես են դիմավորում ասես՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ հայտնության ականատեսն են:

Ինչպիսի՜ երկարպագություն, ինչպիսի՜ հաճոյախոսություններ:

Տնաշեննե՛ր, գյոռմամիշի պես նետվում եք էդ կառավարության վրա, որ ի՞նչ...

Հետո էլի ողջ տարին դրանց միայն «տելեվիզռով» եք տեսնելու ու շարունակելու եք անիծել ձեր բախտը, թե ի՜նչ ահավոր կառավարություն ունեք, որ չի մտածում ու չի գնահատում «մատաղ սերնդի դաստիարակման» գործում ձեր թափած տիտանական ջանքերը:

Դպրոցի տանիքը կաթում է՝ ֆինանսավորում չկա, դպրոցական գույքը մաշվել է՝ փող չկա, աշխատավարձը բարձրացնելու մասին խոստում են տվել՝ չեն կատարել: Ողջ տարին լիքը բողոք ու դժգոհություն՝ ՀՀԿ-ական տնօրենների սաստող հայացքի ներքո:

Տեսարանն ավելի զզվելի է դառնում, երբ լրագրողներն սկսում են կառավարության անդամներից հետաքրքրվել դպրոցական տարիների մասին:

Սրանք էլ անկապ-անիմաստ ընկնում են «հուշերի գիրկը» ու ոչ մի բան չեն հիշում: Ինչից էլ ակնհայտ է դառնում՝ ինչպես սովորել են, այնպես էլ երկիր են ղեկավարում:

Բայց դե իրենց մասնավոր գործերում, պարզվում է, լավ էլ սովորել են, սեփական գործերի արդյունքները ցույց են տալիս, որ «ոսկե մեդալով» են ավարտել դպրոցը:

Էն մի վարչապետը կիթառով երգում էր, էս մեկն էլ պարում է:

Էսպես երգ ու պարով էլ երկիր են կառավարում:

Հա նաեւ՝ ճառելով:

Ու ծափեր, ծափեր, ծափեր, ինչպես վաղն ենք տեսնելու իշխող ուժի «սովետական ոճի» համագումարում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը