Լրահոս

24.05.2014 15:32


Զորակոչին նվիրված խորհրդակցություն

Զորակոչին նվիրված խորհրդակցություն

Այսօր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. ձմեռային զորակոչի արդյունքների ամփոփմանը և ամառային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

Խորհրդակցության սկզբում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդես է եկել ներածական խոսքով: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա ձմեռային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է ամառային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը:

Զեկույցներից և ելույթներից հետո հրապարակվել է ԼՂՀ նախագահի "Պարգևատրման մասին" հրամանագիրը, համաձայն որի ս.թ. մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը սահմանային գծի հարավային հատվածում հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և պետական սահմանը անառիկ պահելու համար մի շարք զինծառայողներ արժանացել են "Արիության համար" և "Մարտական ծառայության" մեդալներով:

Այնուհետև ներկայացվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի "2014թ. ձմեռային զորակոչի արդյունքների մասին" հրամանը, համաձայն որի նախորդ զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով:

Խորհրդակցությունն ավարտվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրել է նախատեսվող գործընթացների ճիշտ ու անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը