Մեկնաբանություն

24.05.2014 22:32


Սերժ Սարգսյանի մայիսյան վայիսները

Սերժ Սարգսյանի մայիսյան վայիսները

ՀՀԿ մայիսյան համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած թեզերը տեղ–տեղ հիշեցնում էին «1in.am»–ների «մուտիլովկայական» կոդերը և հաճախորդների կողմից շրջանառության մեջ դրվող բանաձևերը։

«Վերջի բոլշևիկը» մանրամասն ներկայացրեց «Գեբելսյան» քարոզչամեքենայի աշխատանքային ուղղություններն ու իր ծրագիրը։

Դրանք հետևյալն են.

1.Ցույց տալ, թե իբր քաղաքական դաշտում (մասնավորապես՝ ոչիշխանական տիրույթում) տեղի ունեցող գործընթացները ՀՀԿ ղեկավարի սրտով են։

Իրականությունը, սակայն, լրիվ այլ է, քանզի ոչիշխանականների գործունեության արդյունքում էր, որ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հրաժարվել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիք հանդիսացող Տիգրան Սարգսյանից ու հիմա իրեն պատեպատ է տալիս։

Ոչիշխանական քառյակի ու մասնավորապես ԲՀԿ–ի դիրքորոշման հետևանքով Սարգսյանը ստիպված է նաև հետաձգել իր քաղաքական վերարտադրության ճանապարհային քարտեզի կյանքի կոչման «ստարտը»։

Այնպես որ Սերժի կողմից «պապայական» տոնով խոսելն ընդամենը համապատասխան սրտի մխիթարանք է, ուրիշ ոչինչ։

2.Քաղաքացիական ակտիվությունը «մուտիլովկայական» տեխնոլոգիաներով փորձել սեփականաշնորհել՝ օգտագործելով հորիզոնական ու ցանցային կառավարման մասին «անկախ» լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված և չորքոտանիների գլուխն արդուկած հեքիաթները։

Սարգսյանն իր խոսքում նույնիսկ օգտագործեց «Դեմ եմ»–ի՝ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը. դա նույնպես «մուտիլովկաների» հետագա տարածման համար էր արվում՝ ցույց տալու համար, թե իբր իշխանությունը կկանգնի քաղաքացիականների կողքը, եթե նրանք հեռու մնան իրական փոփոխությունների ձգտող «չար ձյաձյաներից» ու քաղաքական ուժերից։

«Դուք միայն թե «կուտակայինի» պայքարը մի քաղաքականացրեք։ Դրա արդյունքում մենք ձեզ կտարանջատենք քաղաքական ուժերից ու ձեզ հետագայում «կքցենք», և արդեն մենք կդառնանք տերը մեր երկրի՝ նեոբոլշևիզմի ձգտող երկրի». սա՛ էր «Դեմ եմ» շարժմանն ուղղված Սարգսյանի ռեվերանսների բուն իմաստը։

3.Սեփական իշխանության վերարտադրության ու Հայաստանում միջինասիական կամ մահմեդական հետամնաց երկրների կառավարման մոդելի և բոլշևիզմի սինթեզի ներդրումը ներկայացնել որպես պետական կառավարման համակարգի բարեփոխում՝ սահմանադրական բարեփոխման միջոցով։

Առաջին երկու կետերը վերաբերում են քարոզչական դաշտին, երրորդը՝ Սարգսյանի անձնական ծրագրերին։

Սարգսյանը, փաստորեն, չի էլ թաքցնում, որ խրախուսում է ապաքաղաքականն ու կռիվ տալիս քաղաքականի դեմ՝ առաջ քաշելով հայաստանյան ներկա իրավիճակի համար դեմագոգիկ՝ «դասական երկբևեռ կուսակցական համակարգ» ստեղծելու գաղափարը։ Մինչդեռ նրա քաղաքական ծրագիրը ոչ թե երկբևեռ, այլ, այսպես ասած, միաբևեռ (միանձնյա) կառավարման համակարգ ստեղծելն է, որի անունը նա դնում է «սահմանադրական բարեփոխումներ»։ Այդ «բարեփոխման» մինի–մոդելը մենք տեսնում ենք Գորիսում, որտեղ լիսկայական կարգեր են տիրում. Սերժն ուզում է ամբողջ Հայաստանը դարձնել Գորիսի տարբերակով։

Սարգսյանն, իհարկե, իր դեմագոգիկ ոճին հավատարիմ, ցույց տվեց, թե իբր ինքը դեմ է կառավարման կիսանախագահական մոդելի փոփոխությանը, բայց եթե սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն առաջարկի կառավարման խորհրդարանական համակարգ, ապա ինքն այն կդնի հանրային քննարկման։

Նախ նկատենք, որ պետք չէ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի հետևում թաքնվել և «չեմ ուզում, գրպանս դիր» տարբերակով ցույց տալ, թե իբր ինքդ չես ուզում կառավարման մոդելի փոփոխություն, բայց եթե հանձնաժողովն այդպիսի փաստաթուղթ ներկայացնի, ապա ստիպված կլինես համաձայնել, քանզի ուղն ու ծուծով ժողովրդավար ես (2008–ի մարտի 1–ը վկա

Եվ ամենակարևորի մասին՝ Սերժ Սարգսյանը ոչ թե կառավարման խորհրդարանական, այլ խորհրդայի՛ն (սովետական) մոդելի է ուզում անցնել։ Ու թող նա իզուր չբողոքի, թե որոշ ուժեր կողմ էին խորհրդարանական համակարգին, սակայն այժմ հետ են կանգնում իրենց ծրագրերից։ Այդպիսի բան չկա։

Այո՛, կան ուժեր, որոնք կողմ են կառավարման խորհրդարանական մոդելին, սակայն այդ թեմային պետք է անդրադառնալ համապետական ընտրություններից հետո, ավելի ստույգ՝ իշխանափոխությունից հետո, քանզի Սերժ Սարգսյանը «մեկ դերասանի թատրոնի» է վերածել պետական կառավարման բուրգը, այսինքն՝ ինքը դարձել է մարդ–համակարգ։ Հետևաբար՝ մեզ համակարգային փոփոխություններ են պետք, որի կարևորագույն նախապայմանը Սերժ Սարգսյանի հեռացումն է։

Ինքն իրեն նժդեհական ներկայացնող ՀՀԿ–ի առաջնորդող դերի մասին թող գնան բոլշևիկների մնացուկներին պատմեն ու Միկոյանի արձանն էլ՝ իրենց կուսակցության գրասենյակի ներսում տեղադրեն, որ սովորեն, թե ինչպես է պետք Կրեմլին քծնել։

Եվ ուրեմն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է վերածել Սերժ Սարգսյանի անվստահության հանրաքվեի։ Շատ կարևոր է, որ այս մեսիջը հանրությանը փոխանցեն ոչիշխանական քառյակի բոլոր ուժերը՝ միասնաբար։

Չի՛ կարելի որևէ տարբերակով թույլ տալ սահմանադրական փոփոխությունների սերժական մոդելի անցկացումը՝ լինի դա մեծամասնական, թե համամասնական տարբերակով խորհրդարանի կազմավորման ձևով, քանզի կեղծիքներ կլինին թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգով։

Կողմ արտահայտվել կամ չեզոք դիրք գրավել Սերժի սահմանադրական փոփոխություններին, նշանակում է գնալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

«Վերջի բոլշևիկը», պատկերավոր ասած, ուզում է իր անձնական շահերից ելնելով՝ նեոբոլշևիկյան «շարժիչով» սուլթանատ ստեղծել։ Հայաստանը, սակայն, չի կարող նման «ճոխություն» իրեն թույլ տալ։

Սերժ Սարգսյանն անցողիկ է, իսկ Հայաստանը՝ մնայուն։ Չարժե, ուրեմն, մնայուն արժեքը դարձնել անցողիկ ու կոմպլեքսավորված մարդու գերի և հետադիմական ծրագրերի զոհ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը