Մեկնաբանություն

26.05.2014 11:40


ՀՀԿ–ն «կապտել» է

ՀՀԿ–ն «կապտել» է

ՀՀԿ 15–րդ համագումարը շատ խորհրդանշական ստացվեց մի շարք առումներով։

Հայաստանն ու Ղարաբաղը միջազգային ասպարեզում աճուրդի հանած «Վերջի բոլշևիկն» իր ղեկավարած կուսակցության միջոցառումն ացնկացնում էր մութ գործարքների արդյունքում աճուրդի առարկա դարձած Մարզահամերգային համալիրում։

ՄՀՀ–ն Սարգսյանի սիրած վայրն է։ 2008–ին նա այդտեղ ժամերով «գյալաջի» էր անում Հայաստանում գրանցված տասնյակ կուսակցությունների ղեկավարների հետ։ Մարդիկ, որոնց մի մասն իր անմիջական ենթականերն էին։ Եվ ահա, ՄՀՀ–ն աճուրդի է հանվել՝ մինչև այդ հասցնելով ռուսական վարկի փոշիացման սխեմաներում իր ուրույն տեղը զբաղեցնել։

Խորհրդանշական էր նաև Նավասարդ Կճոյանի ներկայությունը և օրհնությունը։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը «օղորմածիկ» Տիգրան Սարգսյանին ճանապարհ դնելիս շնորհակալություն հայտնեց։ Եվ դա այն դեպքում, երբ վերջինիս վարչապետության շրջանում բացառապես հետընթաց ենք արձանագրել բոլոր ոլորտներում։ Տիգրանն էլ այդ ընթացքում հասցրել է «Օֆշորի Տիկո» մականունը ստանալ։

Օֆշորային սկանդալի մյուս մասնակիցը Կճոյանն է՝ «Բենթլի Սամոն»։

Եվ ահա, ՀՀԿ համագումարի ժամանակ Տիգրան Սարգսյանը նստած էր նախագահությունում, իսկ Նավասարդ Կճոյանն օրհնում էր «Վերջի բոլշևիկի» ղեկավարած կառույցի համար։ Իրոք որ խորհրդանշական էր։

Ճիշտ է, Կճոյանը ՀՀԿ նախորդ համագումարների ժամանակ ևս «տերտերություն» է արել, բայց այս անգամ նրա ներկայության մեջ խորհրդանշական բան կար։ Դա նաև Սերժի յուրօրինակ մեսիջն էր գործարարությանը։ Ըստ այդմ՝ նա ցույց տվեց, որ խրախուսում է պետական պաշտոնյաների կողմից իրականացվող մեքենայությունները և մասնավոր բիզնեսի դեմ իրականացվող ոտնձգությունները (մեր ջերմագին ողջույնները բիզնեսի պաշտպանի դեր ստանձնել ցանկացող Հովիկ Աբրահամյանին)։

Խորհրդանշական ստացվեց նաև համագումարի «միզանսցենը»։ Նախորդ համագումարներում դահլիճում գերակայում էր կարմիրը, բեմում գերիշխողը վառվռուն և աչք ծակող գույներն էին։

Այս անգամ ՀՀԿ–ն «կապտել» էր։ Նախագահությունը նստած էր կապույտ գույնով պատված կտորների ֆոնին։

Դժվար է ասել, թե դա ինչով է պայմանավորված։ Հազիվ թե Կոնչիտայի հաղթանակը Եվրատեսիլում ոգևորած լիներ ցեղակրոնության ռահվիրաներին, ու նրանք որոշեին գնալ այդ ուղղությամբ։

«Կապտելու» պատճառներն այլ տեղ է պետք փնտրել։

Նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից հետո պետք է որ կարմիր գույնն ավելի շատ լիներ ՀՀԿ համագումարում, բայց երևի որոշել էին մեղմել մեկ գիշերվա ընթացքում ՄՄ մտնելու որոշման շոկը։ Իսկ շոկից մարդիկ կապտում են։ Նաև վախից են կապտում։ Եվ շատ խորհրդանշական է, որ ՀՀԿ–ն շաբաթ օրը «կապտած» էր, և չկար նախկին էնտուզիազմը։

Իսկ «ամենակապտած» վիճակում Սերժ Սարգսյանն է հայտնվել։ Նա հասկանում է, որ «կաղ բադիկի» կարգավիճակից դուրս գալու և իշխանական աթոռից կառչած մնալու համար սահմանադրական փոփոխությունների պետք է գնալ, բայց նաև հասկանում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է սահուն կերպով տրանսֆորմացվել իր հեռացման գործընթացի։ Հասկանում է, և այդ իսկ պատճառով էլ «կապտել» է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ստորև ներկայացված նկարներում ՀՀԿ–ի 14–րդ (վառվռուն և ագրեսիվ գույներով) և 15–րդ («կապտած») համագումարների «անմահ ակնթարթներն» են։ Գտե՛ք 10 տարբերություն։

Այս խորագրի վերջին նյութերը