Լրահոս

26.05.2014 11:53


Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Ձեզ ենք դիմում Երևանի Կոմիտաս 5ա շենքի շուրջ չորս տարի պետական զանազան բարձր պաշտոններ զբաղեցրած և զբաղեցնող այրերի առանձնասենյակների դռները ծեծող հուսախաբ բնակիչները: Լսելով Ձեր ելույթները ժողովրդի հետ հանդիպումներում ԱԺ –ում, ՀՀԿ համագումարում, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չեք թողնելու, հույս ծագեց, թե Ձեր միջամտությամբ, ի վերջո, կլուծվի մեր խնդիրը:

Տեղեկացնում ենք, որ 2011թ.–ից մինչև օրս մեր հոգսերն ու իրական անելիքը թողած` դատական (այժմ էլ 4 հայցերով վարչական ու քաղաքացիական դատարանների դռներն ենք դեռ չափչփում) ու վարչական ատյաններում պայքարում ենք (ինչի մասին քաջատեղյակ է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ) ԿՈՄԻՏԱՍ 5 հասցեի ապօրինի շինարարության դեմ: Սակայն ոստիկանության բռնություններով և սեփական ժողովրդից կառուցապատողին «պաշտպանելու», մեր ոստիկանների տխրահռչակ գործողություններով սկսված այդ շինարարությունն իրականացվում է առանց այն էլ ՀՀ գործող շինարարական, տեխնիկական ու այլ նորմերի կոպիտ խախտումներով կազմված ու 01.11.2013 թ-ին հաստատված 01/18-2-45526-0004 նախագծի ցուցանիշերի, մասնավորապես սահմանված չափերի խախտմամբ: Կառուցապատողը բոլոր կողմերից ընդլայնել է շենքը` խախտելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և մի շարք այլ պատկան մարմինների պահանջներն ու նախագծով սահմանված հեռավորությունները և մեր շենքը բոլոր կողմերից զրկել շտապ օգնության, հակահրդեհային անվտանգության և էվակուացիոն ճանապարհներից, նաև կանաչ տարածքից` ապօրինի կտրելով շուրջ 2 տասնյակ ծառեր: Ցավալի է, բայց փաստ, որ անգամ դատարկվող Հայաստանի պարագայում, ինչպես Դուք նշեցիք ԱԺ-ում, «էլ ինչ երկիր առանց ժողովրդի»: Մեր երկրի որոշ ղեկավարներ գերակա են համարում նորանոր եկամուտների մարմաջով տարված և ոչ միայն Հայաստանում, այլ ուրիշ երկրներում առանձնատներ ու բնակարաններ ունեցող մի ներդրողի շահը` արհամարհելով շուրջ 150 բնակարանի բնակիչների օրինական իրավունքները: Հարգարժա՛ն վարչապետ, խնդրում ենք Ձեր համապատասխան միջամտությունը՝ կանխելու ԿՈՄԻՏԱՍ 5 հասցեում իրականացվող ապօրինի և հրդեհի ու այլ արտակարգ իրավիճակների պայմաններում աղետալի հետևանքներով հղի շինարարությունը: Հուսով ենք, որ այս անգամ մենք խաբված չենք մնա և փոշմանած չենք նստի ու մտածի, թե ավելի լավ էր՝ հույսներս կտրած հաշտվեինք մեր վիճակի հետ, և շենքն, ըստ առաջին նախագծի, վեր բարձրանար` զրկելով մեզ արևի լույսից, քան եթե մնանք անօգնական արտակարգ իրավիճակների դեպքում:

Կոմիտաս 5ա շենքի մի խումբ բնակիչներից

Այս խորագրի վերջին նյութերը