Մեկնաբանություն

26.05.2014 12:32


Շախի ժամանակ փոխատեղումն արգելված է

Շախի ժամանակ փոխատեղումն արգելված է

«Այսպես ապրել այլևս հնարավոր չէ»,- ասում է Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունն ու շարունակում նույն ձևով ապրել։

«Մենք շարունակելու ենք լինել»,- ասում է բացարձակ մեծամասնությանը քրքրած իշխանությունն ու մշակում վերարտադրվելու ծրագրեր։

Եթե քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չի, ուրեմն խելք ընդհանրապես պետք չի՝ հասկանալու համար երկրում տեղի ունեցողը և գիտակցելու համար իշխանափոխության անհրաժեշտությունը։

Պարզ բանաձև է՝ «Հայաստանում ապրելը գնալով դառնում է անտանելի. մահանալը նույնքան թանկ է, որքան ապրելը»։

Հայաստանի իշխանությունը պետք է ապրի այնպես, ինչպես անցնում է բացարձակ մեծամասնության ամեն մի օրը։ Նա, առավոտյան զարթնելով, պետք է քրտնած տեղից վեր թռնի, որովհետև վարկի օրն է, ապառիկի օրն է, կոմունալ ծախսերը դամոկլյան սրի պես կախված են գլխիդ, ծնողական կոմիտեն 10 օր է՝ գումար է պահանջում, պետպատվերով հիվանդանոցները հրաժարվում են ընդունել հիվանդին, վերևից նշանակված բութ ղեկավարից պրծում չկա, սովորական նոտարական գործարքը հասցրել է դատարան, անձնագիր ստանալու համար պետք է դժոխքի 7 շրջաններն անցնես, անելանելիությունից կատաղությունդ թափում ես հարազատներիդ վրա...., կոտրված պառկում ես քնելու, որ վաղն ամեն ինչ նույն ձևով սկսես։

Եթե բացարձակ մեծամասնության օրն այսպիսին է, ուրեմն նույնպիսին պետք է լինի նաև փոքրամասնության օրը։

Լուծումը մեկն է՝ իշխանությանը պետք է զրկել վերարտադրվելու ամենաչնչին հնարավորությունից։ «Սահմանադրական բարեփոխումներ» ասվածը դրանցից լրջագույնն է։ Դրա իրագործումը միայն ու միայն կնշանակի, որ բացարձակ մեծամասնության կյանքում խավարն ավելի է թանձրանալու։ Դա թույլ չտալը իշխանափոխության սկիզբը կլինի։ Առավել ևս, որ շախի ժամանակ փոխատեղումը (рокировка) արգելված է։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը