Մեկնաբանություն

26.05.2014 20:38


Օբամայի եռակի ստանդարտները

Օբամայի եռակի ստանդարտները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս շնորհավորական նամակ էր հղել Իլհամ Ալիևին (մեր ջերմագին ողջույնները Հիլարիի ու Օբամայի զանգերից էքստազի մեջ ընկնող Սերժ Սարգսյանին ու տնաբույծ մյուս «արևմտամետներին»)։

Բարաքը շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին՝ 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանական Հանրապետության ստեղծման կապակցությամբ (մեզ մոտ էլ է այդ օրը նույն առիթով տոնական համարվում, սակայն Օբաման պարիտետը խախտել է ու Սերժին նույնիսկ «SMS» չի ուղարկել)։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Ադրբեջանը մուսուլմանական աշխարհի առաջին աշխարհիկ ու ժողովրդավարական երկիրն է (այսպիսի բաներ են գրում, որ մարդիկ սկսում են վատ արտահայտվել ժողովրդավարության, ավելի ճիշտ՝ ժողովրդավարության մասին Արևմուտքի երկակի ու նույնիսկ եռակի ստանդարտների հասցեին)։

Բան չունենք ասելու։ Շնորհավորել է՝ լավ է արել, բայց անգրագետ ձևով ու եռակի ստանդարտներ կիրառելով է շնորհավորել Բարաքը։

Բանն այն է, որ 1918–ին թվին Ադրբեջանական Հանրապետության ստեղծման օրվա կապակցությամբ շնորհավորանքին զուգահեռ ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար (ամերիկացիների տեսակետները Ղարաբաղի հարցում, ինչպես հայտնի է, 100 տոկոսով պրոադրբեջանական են և հետևաբար՝ աջակցություն ասելով՝ Բարաքը նկատի ունի Հայաստանի կապիտուլյացիան, քանզի այն ինչ բարձրաձայնեց ԱՄՆ–ն Ուորլիքի շուրթերով, այլ բան, քան կապիտուլյացիա դժվար է համարելը):

Ըստ ամենայնի՝ Ռուսաստանից Ուկրաինայի հարցում «աբիժնիկ» մնացած Օբաման փորձում է Հարավային Կովկասում ռևանշի հասնել ու դրա համար էլ քծնում է Իլհամին։ Բայց գերտերությանը չի սազում նմանատիպ քծնանքը։ Հատկապես որ 1918ի առիթով շնորհավորելիս՝ Օբաման պետք է իմանար (կամ նրան պետք է հուշեին), որ այդ ժամանակ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի եղել։ Հետևաբար՝ եթե ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնում աջակցություն հայտնել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, ապա դա չպետք է աներ 1918–ի մայիսի 28–ի կոնտեքստում (ի դեպ, չեմ զարմանա, եթե «Lragir.am»-ը կամ նմանատիպ մյուս «.am»-ները «թույն» վերլուծություն ներկայացնեն՝ ապացուցելով, որ Օբաման աջակցելու է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, որպեսզի խափանի ռուս–ադրբեջանական գործարքն ընդդեմ Հայաստանի. սրանք ծտի թռիչքն անգամ դիտարկում են «գեոպոլիԾիկ» «մոմենտով» ու անպայման դավադրություն փնտրում ՌԴ–ի կողմից ընդդեմ ՀՀ–ի)։

Այն, որ Օբաման Հայաստանին չի շնորհավորում 1918–ի կապակցությամբ, իր գործն է ու մեծ հաշվով ճիշտ է անում։ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ մեզ չեն հարգում Արևմուտքում և չեն վստահում Ռուսաստանում։ Եվ ուրեմն, ինչու՞ պետք է շնորհավորեն։

ԱՄՆ–ը իր շահերն ունի այս տարածաշրջանում և այդ շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Դա է պատճառը, որ Օբաման ու իր դիվանագետներն առավոտից–երեկո նույն երգն են երգում Ղարաբաղի հողերը հանձնելու մասին։

Ի դեպ, մինչև «ֆուտբոլային» դիվանագիտությունը և Սերժի «արևմտամետությունն» այդպես չէր։ Ճիշտ է, ԱՄՆ շահերը նույնն էին, բայց Հայաստանի կոմպլեմենտար ու հավասարակշռված քաղաքականությունը հնարավորություն չէր տալիս, որ ամերիկացիներն այսպես բացահայտ հակահայկական քաղաքականություն վարեին, մեր նկատմամբ կիրառեին եռակի ստանդարտներ ու այսչապ լկտիանային։

Ամենևին նպատակ չունեմ մեղադրել Օբամային ու բողոքել անարդարությունից։ Բոլոր պետություններն ու հատկապես գերտերություններն իրենց շահերն ունեն։ Հայաստանին որևէ մեկը չի խանգարում հետապնդել ի՛ր շահերն ու այնպես անել, որ գերտերությունների շահերը համադրվեն մեզ մոտ, այլ ոչ թե Հայաստանը դառնա խոշոր խաղացողների կռվախնձոր։

Սերժ Սարգսյանն իր անհեռատես քաղաքականությամբ աճուրդի հանեց Հայաստանն ու Ղարաբաղը, և հիմա մենք քաղում ենք այդ ամենի դառը պտուղները։ Այնպես որ մեր հարցերը պետք է Երևանում լուծենք՝ գնալով իշխանափոխության և համակարգափոխության։ Ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակն օբամաների հայտարարությունների կապակցությամբ լալահառաչ բողոք հայտնելն է, բայց աշխարհում թքած ունեն այդ բողոքի վրա։

Աշխարհում հաշվի են նստում միայն ուժի հետ։ 1992-94–ին մենք ցույց տվեցինք այդ ուժն ու մեզ հետ հաշվի նստեցին։ Հետագայում մսխեցինք հաղթանակն ու հիմա դարձել ենք ֆուտբոլի գնդակ։ Ուստի կրկին եկել է հաղթանակ տանելու ժամանակը։ Ներքին ճակատում հաղթանակ տանելու ժամանակը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը