Հարցազրույց

27.05.2014 17:10


«Սահմանադրական հանրաքվեն պետք է վերածվի Սերժ Սարգսյանի հրաժարականի»

«Սահմանադրական հանրաքվեն պետք է վերածվի Սերժ Սարգսյանի հրաժարականի»

–Սահմանադրական փոփոխությունների նպատակը որևէ ձևով Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է և մեկ օլիգարխի տնտեսության կառուցումը,– «7օր»–ի հետ զրույցում ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։

–Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը գիշերներն անքուն չի մնում մտածմունքներից, որ ժողովրդի իրավունքները պետք է ընդլայնել, կամ իրավունքի գերակայությունը հաստատել և այլն։ Իր կառավարման տարիներին մեր երկրում արձանագրված ողբալի արդյունքների պատճառը Սահմանադրությունը չէ։ Եվ Սահմանադրությունը չէ, որ այդքան վատն է։ Պարզապես, Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների միջոցով միմիայն նպատակ ունի վերարտադրվել։ Ի վերջո, մոմի լույսի տակ մեկը սուրբ գիրք է կարդում, մյուսն էլ ստորագրություն է կեղծում,–ավելացրել է Ա. Հարությունյանը։

Նա վստահ է՝ եթե ընտրությունները կեղծվում են, արդեն էական չէ՝ համակարգը նախագահակա՞ն է, կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական.

–Իսկ ՀՀԿ–ն, բնական է, որ կեղծելու է ընտրությունը։ Սերժ Սարգսյանը եթե իմանա, որ իշխանությունն անցնելու է ժեկի պետին, ապա Սահմանադրությունը կեղծիքներով կփոխեն այնպես, որ ժեկի պետերը դառնան փաստացի նախագահ։ Բացի այդ, այստեղ պատասխանատվությունից խուսափելու ճանապարհ է առաջ գալիս։ Այսինքն, եթե նախագահական և կիսանախագահական համակարգերի ժամանակ մեղադրվում են կոնկրետ նախագահը կամ առնվազն վարչապետը, ապա Սարգսյանի պատկերացրած խորհրդարանականի ժամանակ կոլեկտիվ պատասխանատվության խնդիր է դրվում, և միգուցե ժողովրդին ասեն՝ գիտեք՝ ինչ, Սամվել Ալեքսանյանը կամ Մհեր Սեդրակյանն են մեղավոր, որ երկիրն այս աղետալի վիճակում է։

Հայաստանի պարագայում Ա. Հարությունյանը սա անընդունելի է համարում՝ կարևորելով, որ ժողովուրդն իմանա, թե ումից ինչ է պահանջում։ Իսկ այդ սահմանադրական փոփոխությունները չթույլատրելու ճանապարհը, Ա. Հարությունյանի համոզմամբ, մեկն է՝ ժողովուրդն ու քաղաքական ուժերը պետք է միավորվեն, և այդ հանրաքվեն վերածվի Սերժ Սարգսյանի հրաժարականին։

–Այդ պարագայում սահմանադրական հանրաքվեն բումերանգի նման կխփի Սերժ Սարգսյանին։ Բոլորն էլ հասկանում են, որ նա չի մեռնում սահմանադրական բարեփոխումների անհագ ցանկությունից։ Ի դեպ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ուզում է կուսակցությունների դերը բարձրացնել, զավեշտալի է, քանի որ բոլորն էլ տեսնում են, որ նրանից բացի՝ ՀՀԿ–ում ոչ մեկ որևէ բանից տեղյակ չէ։ ՀՀԿ–ն մեկ մարդու կուսակցություն է, որի անդամներին պետք է հաշվել իշխանությունը կորցնելուց հետո,– նշել է Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ կուսակցությունների դերը բարձրացնում են 100% համամասնական համակարգին անցնելով (ինչին ՀՀԿ–ն դեմ է քվեարկել) և ազատ, առանց կեղծիքների ընտրություններ անցկացնելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը