Կարծիք

28.08.2009 17:15


«Գաղտնավանկ» շարքից. Գերժամանակակից հեքիաթ

«Գաղտնավանկ» շարքից. Գերժամանակակից հեքիաթ

       Վաղ առավոտյան՝ աշխատանքի գնալուց առաջ, ծնողները մորեխիկին բերեցին մարգագետին ու ասացին. «Կխաղաս այստեղ՝ մինչ վերադառնանք»: Նրանց գնալուց անմիջապես հետո մորեխիկը սկսեց առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտել: Քիչ անց, փոքրիկ գորտի ծնողները նրան բերեցին մարգագետին: «Լսո՞ւմ ես, այստեղից ոչ մի տեղ չգնաս, հենց այստեղ էլ կխաղաս»:
- Լավ,- ասաց փոքրիկ գորտը, ով տեսնելով առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտող մորեխիկին, հավեսի ընկավ ու ինքն էլ սկսեց նույնն անել:
Հետո հայր ու մայր արագիլները բերեցին իրենց ձագուկին, հորդորելով' «Լաց մի լինիր, դու էլ խաղա այստեղ, իսկ մենք կաշխատենք շատ շուտ վերադառնալ»: Փոքրիկ արագիլը, տեսնելով առվի վրայով մի կողմից մյուսը ցատկող մորեխիկին ու գորտին, դադարեց հեկեկալ ու նույնն անելու անզուսպ ցանկություն ունեցավ: Առուն, սակայն, չափազանց նեղ էր նրա համար:
- Ոչինչ,- մտածեց նա, -ես էլ կքայլեմ առվի մի կողմից դեպի մյուսը:
Այսպես երեքով նրանք երկար ժամանակ խաղում էին: Ու մեկ էլ, խախտելով լռությունը, մորեխիկը դիմեց գորտին.
- Կդառնա՞ս իմ ընկերը, ընդմիշտ' մինչեւ կյանքիս վերջ:
- Կդառնամ, -վստահ պատասխանեց գորտը:
- Ես էլ,- արձագանքեց արագիլը: Եվ նրանք ընկերներ դարձան: Փաթաթվեցին, համբուրվեցին ու խոստացան' էլ երբեք իրարից չբաժանվել:
Մորեխիկն ու գորտը նորից սկսեցին թռչկոտել առվի վրայով, իսկ արագիլը անցավ իր «գործին»: Քիչ անց, նա կանգ առավ և մի ոտքը ծալելով (նա մտածելիս միշտ այդպես էր կանգնում) ընկավ մտքերի գիրկը: Հետո, փոքր-ինչ ուշքի գալով, նա դիմեց ընկերներին.
- Ինձ թվում է, որ մենք մի շատ կարեւոր բան մոռացել ենք...Հա, հազիվ մտաբերեցի, մենք մոռացել ենք իրար հետ ծանոթանալ:
- Ասենք թե ծանոթացաք, հետո՞, - ծիծաղը հազիվ զսպելով ասաց ծառերի վրայից բարեկամների զրույցին ուշադիր հետեւող պառավ ագռավը:
Ընկերները զարմացած վեր նայեցին, ապա, փոքր-ինչ վարանումից հետո, սկսեցին հերթով իրար ներկայանալ:
- Ես' գորտն եմ:
- Իսկ ես' մորեխիկը:
- Ես էլ' արագիլն եմ:
Ու հանկարծ, երբ արդեն ծանոթացել էին, նրանք սկսեցին սարսափած մեկմեկու նայել:
- Ուրեմն ,- մտահոգ ասաց գորտը մորեխին,- դու էլ նա ես, ում ես պետք է ուտե՞մ: Մայրիկս միշտ ասում է, որ ես շատ-շատ մորեխներ պիտի ուտեմ, որ շուտ մեծանամ, որ դուք շատ համեղ եք: Բայց ես մորեխ մինչ օրս չէի էլ տեսել: Ահա թե դու ինչպիսին ես:
Մորեխին երկար զննելուց հետո, նա դիմեց արագիլին.
- Ուրեմն, դու էլ նա ես, ով պետք է ի՞նձ ուտի: Մայրիկս ասում է, որ արագիլներից անպայման զգուշանալ է պետք...Բայց ես արագիլ կյանքումս տեսած չկայի:
- Ես էլ դեռ գորտ չէի տեսել: Գիտեի միայն, որ նրանք շատ համեղ են, հայրիկս է պատմել:
Հետո նրանք երկուսով շրջվեցին լաց լինող մորեխիկի կողմը: - Ուրեմն, ստացվում է,- հեկեկալով ասաց մորեխիկը,- որ ինձ երկու անգա՞մ են ուտելու. առաջինն' ինձ անձամբ, իսկ հետո' էլի ինձ, բայց արդեն գորտի մե՞ջ,- ու նա սկսեց հոնգուր-հոնգուր արտասվել:
- Երբ քեզ մի անգամ ուտում են, դա էլ արդեն բավական է, - իր հերթին հեկեկաց գորտը:
Այստեղ արագիլն էլ չդիմացավ:
- Կարծում եք հե՞շտ է սեփական ընկերներին կուլ տալը: Ի դեպ ոմանց' երկու անգամ:
Նայելով հեծկլտացող եռյակին, պառավ ագռավը ծիծաղից մեռնում էր.
- Լացեք- չլացեք,- քրքջալով ասաց նա,- ուզեք, թե չուզեք, միևնույն է, վաղ թե ուշ դուք պետք է իրար ուտեք: Բնության օրենքն է այդպիսին: Եվ ինչքան շուտ, այնքան ավելի լավ: Եվ հետո, ականջներիդ օղ արեք, մյուս անգամ' համբուրվելուց առաջ ավելի լավ է սկզբից ծանոթանաք:
- Ես չեմ ուզում ուտել իմ ընկերոջը,- արցունքների միջից ձայնեց գորտը:
- Ես էլ, - նրան միացավ արագիլը:
- Ախր ձեզ ոչ ոք չի էլ հարցնում, ուզո՞ւմ եք, թե՞ ոչ, մեկ է՝ դուք պետք է իրար ուտեք...Օրենքն է այդպիսին...
Հեծկլտոցներն ավելի ուժգնացան: Քիչ անց, մորեխիկը, մի կերպ զսպելով իրեն, մոտեցավ գորտին ու արցունքների միջից ժպտալով ասաց.
- Հարազատս, իմ անբաժան ընկեր, ես կյանքս քեզ համար չեմ խնայի, կեր ինձ, խնդրում եմ,- և նա կամացուկ պառկեց գետնին, կկոցեց աչքերն ու շշնջաց' «Բարի ախորժակ»:
- Էլ ում ես սպասում, հը՞, շուտ կեր դրան,- ասաց անհամբերությունից ճոճվող ագռավը:
Բայց գորտը չգիտեր էլ, թե մորեխ ինչպես են ուտում: Նա փակեց աչքերն ու բացեց բերանը: Չգիտես քանի րոպե այդպես նստելուց հետո, նա հանկարծ տեղից վեր թռավ.
- Լսեք, միեւնույն է, արագիլն ինձ պետք է ուտի, այնպես չէ՞: Կարծում եմ, որ նրա համար միևնույն է, իմ մեջ մորեխ կլինի՞, թե՞ ոչ,- ու այդ մտքից նա շատ ուրախացավ: Փոքրիկ գորտը ժպիտը դեմքին մոտեցավ արագիլին, բռնեց նրա ոտքն ու նայելով նրա շփոթված դեմքին,ասաց.
- Սիրելի արագիլ, իմ անբաժան ընկեր, ես նույնպես կյանքս չեմ խնայի քեզ համար, որ այդպես է...կեր ինձ,- ու՝ կծկելով ձեռքերն ու ոտքերը, շշնջաց. «Բարի ախորժակ»:
 Շփոթված արագիլը դիմեց պառավ ագռավին.
- Իսկ գորտին ուտելը պարտադի՞ր է:
- Պարտադիր է, -խստորեն պատասխանեց ագռավն ու ավելացրեց.- մեզ շրջապատող միջավայրն է դա պահանջում:
Արագիլն էլ չգիտեր, թե գորտ ինչպես են ուտում: Նա խորը հոգոց հանեց, բացեց կտուցն ու սարսափից անմիջապես աչքերը պինդ-պինդ փակեց:
Այդպես' փակ աչքերով նրանք նստել ու վախից երկար ժամանակ չէին շարժվում: Վերջապես մորեխիկի ձայնը խախտեց լռությունը.
- Հետաքրքիր է, ինձ արդեն կերե՞լ են...
- Դժվար թե,- խոսեց աչքերը փակ գորտը,- կերվածներն ընդհանրապես չեն խոսում:
- Այդ դեպքում, դու էլ այնքան նման չես կերվածի, ձայնդ ինչ-որ շատ մոտիկից է գալիս,- նկատեց մորեխիկը:
- Իսկ արագիլին երեւի կերել են, նրա ձայնը վաղուց է, ինչ չի լսվում:
Նրանք բացեցին աչքերն ու նայեցին արագիլի կողմը: Նա խոնարհել էր աչքերն ու ճոճվում էր մի ոտքի վրա (ուրեմն' մտածմունքի մեջ էր):
Վերջապես արագիլն էլ խոսեց.
- Շատ հետաքրքիր է, թե ո՞վ է այդ Բնությունը:
- Բնությունը,- ասաց բարեկամների անվճռականությունից անասելի հոգնած ագռավը, - դա այն ամենն է' ինչ մեզ շրջապատում է, - ու թևերը թափահարելով ավելացրեց. - Դե, եթե այստեղ դեռ ոչ ոք ոչ մեկին չի ուտում, ես գնամ այնտեղ' որտեղ դրա գիտակցումը կա: Դե, երևի մենք էլ չհանդիպենք, բայց ասածս հիշեք, մեկ է, վաղ թե ուշ' դուք իրար կուտեք:
Ու թեւին տալով ավելացրեց.
- Բնության օրենքն է այդպիսին ...
Արագիլն իրեն թափ տվեց ու բացեց աչքերը: Հետո, երեքն էլ սկսեցին իրենց շուրջը նայել: Շրջապատում ուրիշ կենդանու չհանդիպելով, նրանք մոտեցան հաստաբուն կաղնուն:
- Ասացեք խնդրեմ, հարգարժան Ծառ,- դիմեց արագիլը կաղնուն,- Դուք մեզ շրջապատո՞ւմ եք:
- Դե, ինչ-որ չափով այո, իսկ ի՞նչ է պատահել:
- Եթե Դուք ինչ-որ չափով մեզ շրջապատում եք, ուրեմն Դո՞ւք եք Բնությունը:
- Դե..., ասենք թե այո:
- Ուրեմն այդ Դո՞ւք եք ինձ ստիպում ուտել իմ ընկերներին' գորտին ու մորեխիկին, այն էլ' մորեխիկին երկու անգամ:
- Ինչե՞ր ես ասում,փոքրիկ, ես տանել չեմ կարողանում, երբ իրար ուտում են: Բացի այդ, եթե որոշ չափով ես շրջապատում եմ ձեզ, դուք էլ ձեր հերթին եք ինձ շրջապատում: Ուրեմն' դուք էլ այնքան բնություն եք, որքան որ ես:
Արագիլը նորից սկսեց ճոճվել:
- Ա~յ քեզ բան, պարզվում է, որ հենց մենք ենք Բնությունը, որ մենք ինքներս կարող ենք որոշել' ուտե՞լ իրար, թե՞ ոչ: Լսո՞ւմ ես գորտ, Բնությունը դու ես, մորեխիկը, ես, կաղնին,- թռչկոտում էր արագիլն ու գրկում ընկերներին:
Հանկարծ, ասես մի բան մտաբերելով, նա կանգ առավ.
- Բա ագռա՞վն ով է...
- Հիմար է նա, - վստահորեն պատասխանեց կաղնին:
- Ճիշտ որ, - համաձայնեցին նրանք, եւ ուրախ-ուրախ վազեցին դեպի մարգագետին:
Նորից խաղում էին նրանք, համբուրվում, գրկում իրար, խոստանում դառնալ' երեք անբաժան ընկեր, երեք փոքրիկ, կենդանի Բնություն...

Թարգմանությունը՝ Արթուր Ազարյանի

Այս խորագրի վերջին նյութերը