Լրահոս

28.05.2014 12:07


Բակո Սահակյան. «Մենք պարտավոր ենք միասնաբար ու համատեղ ուժերով պահել մեր ձեռքբերումները»

Բակո Սահակյան. «Մենք պարտավոր ենք միասնաբար ու համատեղ ուժերով պահել մեր ձեռքբերումները»

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով, որում ասվում է հատևյալը.
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
1918 թվականի մայիսի 28-ը բեկումնային դարձավ մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ և արմատապես փոխեց նրա ընթացքը: Հարյուրամյակներ շարունակ առանց պետականության գոյատեւած, զրկանքների ու ցեղասպանության միջով անցած հայ ժողովուրդը կարողացավ ի մի բերել իր բոլոր ուժերը եւ ելք գտնել անելանելի թվացող իրավիճակից: Իսկ ելքը մեկն էր. ստեղծել և պաշտպանել իր անկախ պետականությունը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը վերադարձրին հայ զինվորականի երբեմնի փառքը, մեր ժողովրդի հույսն ու հավատը ապագայի հանդեպ: Ստեղծվեցին առաջին պետական ինստիտուտներն ու խորհրդանիշները, անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրությունները եւ 20-րդ դարասկզբին Հայաստանում դրվեցին ժողովրդավարության հիմքերը: Ծանր ու բարդ աշխարհաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց կարճ ժամանակահատված` թողնելով, սակայն, մեծ ժառանգություն եւ պատմության դաս հանդիսանալով սերունդների համար:
Հայ ժողովուրդը շատ բան է կորցրել պատմության քառուղիներում: Սակայն, դիմակայելով ճակատագրի հարվածներին` բոլոր փորձություններից նա դուրս է եկել ավելի ուժեղ ու իմաստնացած: Դրա վկայությունն այսօր հաստատուն քայլերով զարգացող ու բարգավաճող հայկական երկու հանրապետություններն են, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, մեր հզոր ու հաղթական բանակը: Մենք պարտավոր ենք միասնաբար ու համատեղ ուժերով պահել ու փայփայել մեր ձեռքբերումները` ամեն ինչից վեր դասելով պետական եւ ազգային շահերը:
Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, մաղթում եմ բոլորին խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Այս խորագրի վերջին նյութերը