Լրահոս

28.05.2014 13:05


Երկու 100-ամյակների արանքում

Երկու 100-ամյակների արանքում

Հայոց ցեղասպանության 100-ամյակը հազիվ բոլորած՝ համայն հայությունը պիտի սկսի նախապատրաստվել նշելու Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրության 100-ամյակը:
Դարերի ընդմիջումից հետո պետականության կերտումը, երկրի հայացումը, բայց նաև դրանից առաջ համաթուրանական ծրագրերի իրականացման գործընթացը կասեցնելը և նման պատմակերտ իրագործումներ պիտի գան ներկայացնելու հանրագումարի ձևավորման փորձերը, որոնք Հայաստանի և Արցախի հանրապետություններին, ինչպես նաև սփյուռքի մեջ գիտաժողովներով, խորհրդաժողովներով և տարբեր ձևաչափերով արծարծ պիտի պահեն Հայաստանի Առաջին Հանրապետության ունեցած բոլոր գնահատակսններից վեր նշանակությունը` հայոց ժամանակակից պատմության մեջ:
Ցեղասպանության և Առաջին Հանրապետության 100-ամյակների արանքում սակայն արժե պատմաքաղաքական հանգույցների որոշ խորհրդածություններ կատարել:
Նախ հարկ է հիշել, որ Առաջին Հանրապետությունը և նրան նախորդած սարդարապատյան դյուցազնամարտը ըստ էության Թուրքիայի ծրագրած ամբողջական ցեղասպանության կիրառումի ձախողումն էր: Արևմտահայաստանը ամայացնելուց, արևմտահայությունը տեղահանությամբ բնաջնջելուց հետո նույն թուրքը սպառնում էր այս անգամ նույն ճակատագրին ենթարկել մեր հայրենիքի և ժողովրդի արևելյան հատվածին` ընդմիշտ աշխարհի քարտեզից ջնջելու համար հայ տարրը, հայ ցեղի տեսակը: Սարդարապատը կասեցրեց այդ ծրագիրը և ձախողեց ամբողջական ցեղասպանությունը:
Անհավասար կռվի սարդարապատյան հրաշակերտ այս խոյանքը Առաջին Հանրապետության 100-ամյակի նշումներին անպայման տալիս է համապատասխան տարողության պատմաքաղաքական լուսարձակներ:
100-ամյակների արանքի վերլուծման երկրորդ կարևորագույն խորհրդի հանգույցների փորձը մտաբերել է տալիս անկախ հանրապետության մեջ որոշված և իրագործված «Նեմեսիս» գործողությունը: Հայկական Նյուրեմբերգը գործադրելու որոշումը ճիշտ է, որ նախ և առաջ ցեղասպանության գլխավոր պատասխանատուներին պատժելն էր: Պատժական այս պատմական որոշումը սակայն ներազգային իմաստով շատ խորը նշանակություն է ներկայացնում: Ցեղասպան ժողովրդի բարոյահոգեբանական այսօրվա կերտվածքը ուրիշ պիտի լիներ, եթե Սարդարապատով չկայանար հաղթանակը, մենք չունենայինք մեր առաջին հանրապետությունը, չհայացվեր մեր երկիրը և ի վերջո հայի ձեռքով չզգետնվեին Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուները:
Բարոյահոգեբանական անկյալ վիճակից դուրս բերելու հրաշալի եղանակ էր Նեմեսիսը, որի համահայկական և համազգային նշանակությունը անպայման ենթարկվում է ոչ միայն գիտական-ակադեմիական, այլև համապետական արժևորումի:
Առաջին Հանրապետությունը իբրև մեր լինելության շարունակականությունը երաշխավորող վեմ պատմաքաղաքական բազմաթիվ դասեր է փոխանցել իրարահաջորդ սերունդներին: Այն, ինչ որ ժառանգեցին խորհրդային կարգերը և այն վերանկախացումը, որ ավելի քան 20 տարուց ի վեր մեր երկիրն ու պետությունը իբրև անկախ միավոր ամրագրեց ազգերի և պետությունների ընտանիքի մեջ, հիմք ունի 96 տարի առաջ Սարդարապատով փրկված, հաղթանակ տարած, ցեղասպանության ամբողջացումը տապալած Մայիսի 28-ը:

Վրաստանի Հայ Հմայանք

Այս խորագրի վերջին նյութերը