Լրահոս

29.05.2014 14:15


Անի Գևորգյանը մտավ ՀՔԾ` առանց տեսախցիկի (տեսանյութ)

Անի Գևորգյանը մտավ ՀՔԾ` առանց տեսախցիկի (տեսանյութ)

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգայնին այսօր դարձյալ հրավիրել էին ՀՔԾ` մասնակցելու առերեսման ոստիկանության աշխատակիցների հետ:
Անի Գևորգյանին աջակցելու համար այսօր մի խումբ լրագրողներ հավաքվել էին ՀՔԾ-ի մոտ:

Հիշեցնենք, որ անցյալ անգամ քննիչը թույլ չէր տվել, որ Անի Գևորգյանը ներս մտնի ու մասնակցի առերեսման այն քրեական գործով, որը հարուցվել է հենց լրագրողի հաղորդման հիման վրա` կապված ոստիկանների ապօրինությունների հետ, և որպես պատճառ՝ բերվել էր այն, թե, իբր, ՀՔԾ-ի պետը հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ արգելվում է շենք մտնել տեսագրող սարքով:
Լրագրողների հետ զրույցում Անին ասաց.
«Ես բացատրեցի, որ իմ համար աշխատանքային օր ու աշխատանքային ժամ է, ու, հետևապես, իմ աշխատանքային տեխնիկան ինձ մոտ է: Ոստիկաններն ասացին, որ ես պարտավոր եմ իմ տեխնիկան թողնել ներքևի հերթապահ ոստիկանների մոտ: Ես, բնականաբար, հրաժարվեցի, քանի որ իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը վերաբերում է հենց նրան, որ ոստիկանները իմ տեսախցիկից կարևորագույն նյութեր են ջնջել` ըստ էության խոչընդոտելով իմ մասնագիտական գործունեությանը, դեռ չհաշված մյուս դրվագները` ոստիկանների հանցագործության, որը կապված է իմ նկատմամբ բռնություն գործադրելու հետ»,- ասաց Անի Գևորգյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ նախորդ անգամ առերեսումը տեղի չունեցավ, ինչից հետո իրեն լրացուցիչ ծանուցագիր ուղարկեցին, քննիչն էլ լրացուցիչ տեղեկացրեց, որ ՀՔԾ գնա անպայման առանց տեսախցիկի:
Անի Գևորգյանի խոսքով՝ քանի որ այսօր աշխատանքային օր է, և իրեն կանչել են աշխատանքային ժամի, իր տեսախցիկն իր հետ է, որը, սակայն, թողեց ոչ թե ՀՔԾ-ի անցագրային կետում, այլ խնդրեց իր ընկերներից մեկին իր մոտ պահել տեխնիկան, մինչև քննչական գործողությունն ավարտվի: Դրանից հետո Անի Գևորգյանն իր փաստաբանի հետ միասին մտավ ՀՔԾ:

Հիշեցնենք, որ քրեական գործը, որով լրագրողին կանչել էին քննչական գործողության, վերաբերում է փետրվարի 12-ի դեպքին, երբ Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել էին «ՉԻ» լրագրողի մասնագիտական գործունեությունը, փորձել էին խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չէին վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը եւ բռնություն գործադրել լրագրողի նկատմամբ։

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը