Մեկնաբանություն

30.05.2014 13:52


Հայաստանի ամենաձախողված գործիչը

Հայաստանի ամենաձախողված գործիչը

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ Սերժ Սարգսյանը հանդիսանում է վերջին 100 տարվա մեջ ամենաձախողված քաղաքական գործիչներից մեկը, եթե չասենք՝ մեր պատմության մեջ հայտնի ամենաձախողված պետության ղեկավարներից մեկը:

Ինչ մնում է հետանկախական շրջանին, ապա Սարգսյանն ամենաձախողված քաղաքական գործիչն է։

Աստանայում Եվրասիական միության գագաթաժողովի ժամանակ Սարգսյանը հայտարարել էր, որ մինչև հունիսի 15-ը Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ կառույցին միանալու պայմանագիրը: Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընթերցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը, որում նշվում է, թե Մաքսային միությանը Հայաստանը պետք է անդամակցի այն պայմաններով, որով որ անդամակցել է Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Նազարբաևի հայտարարությունը Սարգսյանի ձախողումն է:

Մարտի 1-ի դեպքերից հետո իշխանության գլուխ բարձրանալով՝ Սարգսյանը միայն ձախողումներ է ունեցել ներքին և արտաքին գրեթե բոլոր հարցերում:

Տիգրան Սարգսյանի հետ նախաձեռնած «բարեշրջումների» արդյունքում տնտեսությունն անկում է ապրել, արտագաղթի տեմպերը մեծացել են, հարստության բևեռացում է տեղի ունեցել, աղքատների թիվը աճել է: Սրանք Սարգսյանի ներքին քաղաքականության մի քանի արդյունքներն են:

Արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում ստորագրվել է հայ-թուրքական արձանագրությունը, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձ է կատարել պատմագիտական հարթություն տեղափոխել Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Արձանագրությունները կապված են նաև Արցախի խնդրի կարգավորման հետ, չնայած հայկական կողմը բազմիցս պնդել է, որ հայ-թուրքական արձանագրությունները կապված չեն Արցախի խնդրի կարգավորման հետ: Սակայն Արցախի շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ հստակ կապ կա, և այդ կապի մասին հետին թվով խոստովանում են նաև Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները:

Հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում Սարգսյանն այնպիսի զիջումներ թույլ տվեց, որոնցից ձերբազատվելն ու այլ հարթության մեջ հայ-թուրքական հարաբերությունները կառուցելը հետագա գործիչների համար դժվար կլինի:

2010թ. Սերժ Սարգսյանը նախաձեռնեց նաև Եվրոպական Միության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը: 3.5 տարի Հայաստանն աշխատեց ասոցացման պայմանագրի նախապատրաստման համար, սակայն սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ միանում է Մաքսային միությանը: Սերժ Սարգսյանը ոչ միայն 3.5 տարվա ողջ պետական համակարգի կատարած աշխատանքը զրոյի հավասարեցրեց, այլ նաև ոչ լուրջ գործընկերոջ համբավ ձեռք բերեց բոլորի մոտ։

Սերժ Սարգսյանի վարքագծի արդյունքում համապատասխան վերաբերմունք է ձևավորվել նրա հանդեպ:

Այսպես, 2013 թ. հոկտեմբերի վերջին Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովի լուսաբանման ժամանակ բելառուսական հեռուստաընկերությունը (ОНТ) լուրերի հաղորդման ժամանակ մոտ տասը վայրկյան ցույց տվեց, թե ինչպես է Սերժ Սարգսյանը քնել գագաթաժողովի ընթացքում: Ճիշտ է, Բաղրամյան 26-ը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն ընթերցում էր, իսկ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, թե ուշադիր լսում էր, սակայն նման ձևով Սարգսյանին ցույց տալը խոսում էր նրա հանդեպ դրսում առկա վերաբերմունքի մասին: Իսկ սույն թվականի մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած գագաթաժողովից հետո Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր պաշտոնական կայքում տեղադրել է նկար, որը Սերժ Սարգսյանի հաջողված նկարներից չէ:

Սարգսյանի ձախողումների արդյունքում Հայաստանը հայտնվել է շատ ծանր վիճակում: Նրա պաշտոնավարման ամեն մի ժամը շատ թանկ է նստում Հայաստանի ցանկացած քաղաքացու վրա: Սարգսյանի հրաժարեցումը ազգային անվտանգության հարց է դարձել. հակառակ դեպքում նա Հայաստանը կտանի վերջնական կործանման:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը