Լրահոս

30.05.2014 15:44


ԱՆ. «Մահվան հավանական պատճառն է հարպտղաջրային էմբոլիան»

ԱՆ. «Մահվան հավանական պատճառն է հարպտղաջրային էմբոլիան»

Մայիսի 28-ին՝ ժամը 22-30-ի սահմաններում, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում արձանագրվել է մայրական մահվան դեպք: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ՝ անմիջապես Գյումրի է մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մասնագետների խմբի` անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի հետ։ Խումբը մշտական հեռախոսակապի մեջ է եղել ՀՀ ԱՆ գլխավոր ռեանիմատոլոգ Անատոլի Գնունու հետ։ Տեղում ծանոթացել են բժշկական փաստաթղթերին, այդ թվում` ծննդաբերության պատմությանը, ինչպես նաև ձեռնարկված բժշկական միջոցառումներին։

Կինը եղել է ծննդաբերության առաջին շրջանում, առողջական ցուցանիշները` զարկերակային ճնշումը, անոթազարկը, շնչառությունը, եղել են նորմալ։ Հանկարծակի վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է գիտակցության կորուստ, շնչառության կանգ, անոթազարկի բացակայություն։ Ռեանիմատոլոգի կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումները, ցավոք, արդյունք չեն տվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

Ենթադրյալ ախտորուշումն է` 41-42 շաբաթական հղիություն, երրորդ աստիճանի ճարպակալում, ծննդաբերության առաջին շրջան, պտղաջրերի վաղ արտահոսք։ Մահվան հավանական պատճառն է հարպտղաջրային էմբոլիան։

Ուսումնասիրության արդյունքները կքննարկվեն ՀՀ ԱՆ ծննդօգնության խորհրդում։ Նախարարի կողմից ղեկավարվող խորհուրդն այսուհետև կքննարկի նաև բոլոր այն բարդությունները, որոնք կարող են հանգեցնել նման ելքի։

Արմեն Մուրադյանը միաժամանակ հանձնարարել է ուժեղացնել առողջապահական տեսչական հսկողությունը հանրապետության բոլոր ծննդատների նկատմամբ, հատյնաբերված բացթողումներն ու թերացումները դարձնել լուրջ քննարկման առարկա` անհապաղ ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ։

Նախարարը գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին հանձնարել է հանրապետության կանանց կոնսուլտացիաներում հավանական բոլոր բարդությունների կանխարգելման համար միջոցառումներ ձեռնարկել։

Նշենք, որ այցի ընթացքում մայրաքաղաքից գործուղված մասնագետները բժշկական անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նաև Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում կեսարյան հատումից հետո ներքին արյունահոսությամբ ծննդկանին։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կնոջ վիճակը կայունացել է, նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը