Մեկնաբանություն

31.05.2014 10:53


Մինսկ–Աստանա տրանզիտ

Մինսկ–Աստանա տրանզիտ

Հարավային Կորեայում Սերժ Սարգսյանի ընդունած առողջարարական կուրսերը դրական ազդեցություն են թողել նրա օրգանիզմի և բացասական՝ Հայաստանի վրա։

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն այլևս չի քնում մեզ համար կարևոր նշանակություն ունեցող գագաթաժողովների և միջպետական հանդիպումների ժամանակ։ Դա, իհարկե, լավ է, բայց պարզվում է, որ ավելի լավ է՝ Սերժը քնի, քան մնա արթուն ու չկարողանա խոսել։

Ինչպես հայտնի է, Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանն անուշ քուն էր մտել։ Թերևս դա էր պատճառը, որ նա որևէ ձևով չարձագանքեց Ալիևի էժանագին հարձակումներին։

Օրերս Աստանայում տեղի ունեցածը, սակայն, ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը չի խոսում ինչպես քնած, այնպես էլ արթուն վիճակում (նա խոսում է միայն ՀՀԿ համագումարում, այն էլ՝ թղթի օգնությամբ, այն էլ՝ սարսափելի հոգնեցնող առոգանությամբ և դատարկագույն ու դեմագոգիկ ձևակերպումներով)։

ԵՏՄ շրջանակներում տեղի ունեցած պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի պահվածքից պարզ դարձավ, որ նա անակնկալի է եկել Նորսուլթան (այսինքն՝ «թազա»՝ նոր, սուլթան) Նազարբաևի անտակտ պահվածքից։ Ու քանի որ ձեռքին թուղթ չկար, որ պատասխանը կարդար, այդպես էլ Սերժի բերանից խոսք դուրս չեկավ։

Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե Սերժը միայն քնած ժամանակ է լուռ մնում, բայց պարզվեց՝ արթուն ժամանակ էլ դրսում համր ձուկ է դառնում և ծպտուն չի հանում նույնիսկ այն դեպքում, երբ անձնական նվաստացման է ենթարկվում (Աստանայում Սերժին ինչքան ուզեցան, այնքան «խփեցին», բայց հարվածներ ստացավ Հայաստանը, քանզի արթուն Սերժն է մեր երկիրը ներկայացնում դրսում)։

Փաստորեն, ավելի լավ է՝ Սերժը քնած լիներ։ Գոնե կասեինք, որ մարդը քնած է եղել, ու այդ իսկ պատճառով չի կարողացել տեղը դնել Նուրիկին՝ Նազարբաևին։

Ակնհայտ է, որ Հարավային Կորեայում դավադրություն են կազմակերպել Հայաստանի դեմ։ Եթե Սերժը նախկինում քնում էր գագաթաժողովների ժամանակ ու այդ «կարգավիճակում» առնվազն «ատմազկայի» հնարավորություն էր տալիս մեզ, ապա այժմ արթուն Սերժն իսկական պատուհաս է դառնում մեր երկրի համար, քանզի պատրաստ է ուտել ցանկացած թուքումուր և միևնույն ժամանակ ստորագրել ցանկացած փաստաթուղթ՝ առանց բանակցելու։

Հիմա ազգովին պետք է մտածել, թե ինչպես հետ ֆռռացնենք բուժման կուրսի ազդեցությունը, որ մինչև Սերժ Սարգսյանին նախագահական աթոռից հեռացնելը նա հիմնականում քնի, որպեսզի մի թարս բան չանի Հայաստանի ու Ղարաբաղի դեմ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը