Լրահոս

31.05.2014 18:51


Քոչարի փողոց. ջրի տնտեսումը կկազմի 15 լիտր վայրկյանում

Քոչարի փողոց. ջրի տնտեսումը կկազմի 15 լիտր վայրկյանում

Շաբաթ օրը արդեն կեսօրին, Երևան Ջուր ՓԲԸ Արևմուտք շահագործման տնօրինության Արաբկիր տեղամասի աշխատակիցները հասցել էին Հ.Քոչարի փողոցի վրա երկու տեղից «անդամահատել» 150մմ տրամագծով թուջե ջրագիծը: Ավելին, թիվ 51 դպրոցի հարևանությամբ առաջացած բացվածքից Վիտազ ՍՊԸ-ի մասնագետները սկսել էին թուջե խողովակի մեջ 100մմ տրամագծով նոր, պլաստմասե խողովակ «ներարկել», սակայն 60 մետր անց գործը կանգ էր առել. ինչ-որ բան հնի մեջ արգելակում էր նորի «երթը»: Տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանը ստիպված էր նորից գործի դնել էքսկավատորը, որը մայթի վրա, խցանման հավանական վայրում հնարավորինս զգույշ քանդում էր ասֆալտե ծածկույթը՝ դրա պատճառը պարզելու համար:

- Նման խոչընդոտներ հաճախ են հանդիպում մեր աշխատանքում, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում ու բացասաբար անդրադառնում ժամկետի վրա - ասում է տեղամասի պետը: - Իսկ տվյալ պարագայում դա ընդհանրապես զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այս ջրագիծը կառուցվել մի քանի տասնամյակ առաջ ու ներկայումս գտնվում է տեխնիկապես անբավարար վիճակում: Ըստ էության, հենց սրանով էլ պայմանավորված է այսօրվա աշխատանքը:

Իսկ խնդիրը հետևյալն է: Ստուգմամբ պարզվել է, որ փողոցի տվյալ՝ մոտ 150 մետր երկարությամբ տարածքում առկա 4-5 շենքերին մատակարարվող ջրի մի մասը՝ վայրկյանում 15 լիտր քանակությամբ, այդպես էլ տեղ չի հասնում: Սպառողները հասանելիք ջուրը ստանում են, նրանք բողոք չունեն: Իրավիճակը չի բավարարում ընկերությանը, որի գործունեության առանցքային ուղղություններից մեկը համակարգում ջրակորստի շարունակաբար նվազեցումն է:

Ըստ Գաբրիել Մելիքսեթյանի՝ պլաստմասե ջրագծերի կառուցումը՝ մաշված, բայց պահանջվող տրամագիծ ունեցող մետաղական խողովակների մեջ դրանց «ներարկման» միջոցով, տարեցտարի ավելի ու ավելի լայն կիրառում է ստանում համակարգում: Կարիք չի լինում փողոցում հողային աշխատանքներ կատարել, ինչը նշանակում է և՛ ժամանակի խնայողություն, և՛ միջոցների տնտեսում: Նաև չի խոչընդոտվում երթևեկը: Դրանից բացի, պլաստմասը մետաղից ավելի երկարակյաց է ու չի ենթարկվում կոռոզիայի, ինչը, ըստ էության, բացառում է ջրի կորուստը: Իսկ դա, որպես արդյունք, հնարավորություն է տալիս բարելավել ջրամատակարարումը: Հ.Քոչարի փողոցն այս առումով բացառություն չէ: Օրինակ, տարվող աշխատանքների ավարտից հետո թիվ 51 դպրոցին հարակից մի շարք բազմաբնակարան շենքեր, որոնց ջրամատակարարումն այսօր իրականացվում է պոմպի միջոցով՝ ժամային գրաֆիկով, կանցնեն շուրջօրյա հուսալի ջրամատակարարման՝ ինքնահոս եղանակով:

Ինչ վերաբերում է աշխատանքների ընթացքին, ապա արվում է հնարավորինս, չնայած առաջացած խոչընդոտին, սպառողների ջրամատակարարումը տարածքում վերսկսել հայտարարված ժամկետին:

Երևան Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը