Մեկնաբանություն

02.06.2014 11:25


«Սահմանադրական» արկածախնդրություն

«Սահմանադրական» արկածախնդրություն

Վերջին վերց տարիները ցույց են տվել, որ Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնությունները հանուն սեփական աթոռի են և ընդդեմ Հայաստանի ու Ղարաբաղի շահերի (մինչև 2008թ. էլ էր այդպես, բայց քչերն էին դա նկատում, քանզի նա չէր խոսում՝ լռոթյունը հանրությանը մատուցելով որպես իմաստության նշան, այնինչ ...)։ Ընդ որում, այդպես է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական նախաձեռնությունների դեպքում։

Արդյունքները տեսանելի են բոլորին։

«Վերջի բոլշևիկի» արտաքին նախաձեռնողականությունը հանգեցրեց այն բանին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման փակվեց, Թուրքիան ակտիվորեն ներգրավվեց Ղարաբաղի հարցում, լավացան Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, Հայաստանը կորցրեց իր բոլոր դաշնակիցներին, քանզի Արևմուտքն ու Ռուսաստանը լուրջ չեն վերաբերվում «բոմժական» քաղաքականություն վարող երկրի ղեկավարին, ասել է թե՝ Հայաստանին։

Սերժը հիմա ուզում է «մնալ» Պուտինի վրա, բայց որքան նա «կպչուն» է դառնում, այնքան նվաստացնում են Հայաստանին։ Արդեն Նազարբաևի պես «դիշովկեն» է սկսել հոխորտալ ու Ալիևի համար փաստաբանություն անել։

Փաստորեն, մենք մտնում ենք մի միության կազմ, որտեղ այդ միության անդամ դառնալ չցանկացող և մեր թշնամի հանդիսացող պետության շահերն ավելի են պաշտպանված, քան մերը։ Եվ այս ամենի համար որևէ մեկին պետք չէ սերժահաճո կոդերով («Սաղ էդ Պուտինն ա մեղավոր», «Նազարբաևը Ադրբեջանի դաշնակիցն ա ու դրա համար ա թարախություն անում» և այլն) մեղադրել։ Ստեղծված իրավիճակի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է և վե՛րջ։

Ներքին կյանքում էլ Սերժի բոլոր նախաձեռնություններն աղետալի հետևանքների են բերել։ Նա խնդիր էր դրել Տիգրան Սարգսյանի միջոցով «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։ Արդյունքները սարսափելի են՝ արտագաղթ, տնտեսական անկում, ներդրումների նվազեցում, աղքատության աճ, բիզնես միջավայրի վատացում, կապիտալի արտահոսք, գաղջ մթնոլորտ։

Հիմա Սերժ Սարգսյանն ուզում է գնալ ՀՀ–ի դեմ հերթական արկածախնդրության՝ փորձելով նեոբոլշևիկյան մոդելի սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչել։ Նպատակը շատ պարզ է՝ «գենսեկի» կարգավիճակով վերարտադրվել և ցմահ իշխել Մելիք–Ադամյան փողոցից՝ «Զրո պատասխանատվություն, մաքսիմում լիազորություններ» տարբերակով։

Ու պետք չէ դեմագոգիայով զբաղվել՝ հայտարարելով, որ ուզում ես անցնել հորիզոնական ու ցանցային կառավարման, որ ուզում ես նվազեցնել անհատի դերը, որ կոլեկտիվի դերն ես ձգտելու բարձրացնել, որ կուսակցություններին ես ուզում տեղ տալ, որ երկկուսակցական մոդելի ես ուզում անցնել, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ճնշմամբ ստիպված ես անցնել խորհրդարանական կառավարման մոդելի։ Չկա՛ նման բան։ Սերժը նույնիսկ միակուսակցական համակարգ չի պատկերացնում։ Նրա պատկերացրածը «Մեկ մարդու» թատրոնն է, և այդ մեկ մարդն ինքն է։

Այո՛, Հայաստանում կան պետական կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակիցներ, բայց վերջին երկու համապետական ու Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանն ընտրակեղծիքների կատարյալ մեքենա է ստեղծել և տոկոսներ է «խփում» ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրակարգով։ Այնպես որ, անիմաստ է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք խոսել բարեփոխումներից։ Սահմանադրական փոփոխությունների թեմային պետք է անդրադառնալ իշխանափոխությունից հետո։ Թող ժողովուրդը որոշի, թե որ մոդելով է ուզում ապրել։

«Վերջի բոլշևիկը» հաղթեց ՀՀ քաղաքացիներին ու կուսակցություններին՝ գնալով աննախադեպ կեղծիքների։ Հիմա նրա առաջ խոչընդոտ է Սահմանադրությունը, և դա է պատճառը, որ խնդիր է դրված վերացնել այդ խոչընդոտը։

Ընդունված է ասել, որ Սահմանադրությունը մեզանում չի գործում, և դա, մեծ հաշվով, այդպես է, բայց կան նորմեր, որոնք իմպերատիվ են, և գործում են հատկապես իշխանական հարաբերությունների մասով։

Գործող Սահմանադրությունը ժամանակային սահմանափակում է դրել նախագահի պաշտոնը զբաղեցնողների առաջ։ Սերժն ուզում է հանել այս սահմանափակումը՝ գնալով արկածախնդրության ու հակապետական քայլերի։

Սերժ Սարգսյանն այնպես է կառավարել, որ չի կարող քաղաքական ժառանգորդ ունենալ։ Նա ինքն իրեն է ժառանգորդ հռչակել։ Ու որպեսզի «Ժառանգորդ» օպերացիան կարողանա գլուխ բերել, Ամենայն հայոց քամելեոն ու մեծապատիվ ձրիակեր Գագիկ Հարությունյանի ձեռքերով ուզում է հանրային ու քաղաքական օրակարգ մտցնել սահմանադրական փոփոխությունների հարցը (Գագիկ Հարությունյանի համար այդ Սահմանադրությամբ նախատեսված է նշանակովի ու «պոլի փեդի» ֆունկցիա կատարող նախագահի պաշտոնը, այսինքն՝ պետության հաշվին ևս 7 տարի ձրիակերություն անելու շանս է ստեղծվում Գագոյի համար)։

Միայն չորքոտանիներին ու հաճախորդներին պարզ չէ, որ սահմանադրական փոփոխությունների հարցը Սերժը «մեյդան» է հանել բացառապես իշխանության վերարտադրության համար։ Այդ ե՞րբ է նա պետական շահով առաջնորդվել, կամ այդ ե՞րբ են նրա ու պետության շահերը համընկել։ Ինչևէ։

Բոլոր այն խոսակցությունները, թե, իբր, փոփոխություններն արվում են իշխանության ճյուղերի միջև հավասարակշռություն ստեղծելու, մարդու իրավունքները պաշտպանելու, արդարադատություն իրականացնելու համար, բլեֆ են։

Սահմանադրական փոփոխությունների գնալով՝ Սերժն ուզում է լուծել երկու խնդիր՝ ընթացիկ և հեռանկարային։ Նախ՝ նա իշխանական բուրգին այդպիսով հասկացնում է, որ չի ուզում գնալ, այլ ընդհակառակը՝ մնում է։ Այսինքն, Սերժն ուզում է կանխել կենտրոնախույս գործընթացներն իշխանության ներսում։ Դա ընթացիկի մասով։

Իսկ հեռանկարային առումով նա Սահմանադրությունն ուզում է փոխել, որպեսզի վերացնի այն խոչընդոտը, որը կա գործող Սահմանադրությամբ, և, բացի այդ, նա ուզում է խորհրդային (նեոբոլշևիկյան) մոդելի Սահմանադրություն ստեղծել, որպեսզի կարողանա այդ ճանապարհով հասնել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանն ու թուրքմենբաշիական ոճի կառավարման մոդելին։

Սահմանադրական փոփոխությունների գնալը Սերժի հերթական արկածանդրությունն է ընդդեմ ՀՀ–ի, քանզի մենք այդքան ռեսուրս չունենք տեղական նշանակության սուլթանիկ պահելու համար։ Իսկ դա նշանակում է, որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել Սերժի հեռացման ակտի։

Ոչիշխանական ուժերից ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու «Ժառանգությունը» հստակեցրել են իրենց դիրքորոշումն այս հարցում՝ նրանք դեմ են այդ փոփոխություններին։ Մնում է, որ «ա լյա» Տիգրան Սարգսյանի հրաժարական լայն կոնսոլիդացիայի գործընթաց սկսվի, և հարմար առիթն օգտագործվի՝ այս անգամ արդեն Սերժ Սարգսյանին հիշեցնելու համար, որ ինքը շատ ավելի շուտ էր հրաժարականի դիմում գրել, բայց սպասում էր, որ իրեն հիշեցնեին այդ մասին, նոր գնար։

Սերժի հեռացման գործընթացի համար կատալիզատորի դեր կարող է կատարել հուլիսի 1–ը, երբ իշխանությունը նախատեսում է «ստարտ» տալ սահմանադրական փոփոխությունների փաթեթի «ռասկրուտկային»։ Ամառն, իրոք, պետք է թեժացնել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը