Լրահոս

02.06.2014 16:25


Գագիկ Ծառուկյան. «Մեր բոլորի ցանկությունը մեկն է՝ երջանիկ մանկություն ու արժանապատիվ ապագա»

Գագիկ Ծառուկյան. «Մեր բոլորի ցանկությունը մեկն է՝ երջանիկ մանկություն ու արժանապատիվ ապագա»

Ավանդույթի համաձայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, Երեխաների պաշտպանության միջազգային օրը հերթական անգամ մեծ շուքով և հանդիսավորությամբ տոնեց: «Մենք ապագա օլիմպիականներն ենք» մարզամշակութային միջոցառմանն այս տարի մասնակցեցին Երևանի 12 վարչական շրջանների 23 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավելի քան 150 երեխաներ: Մեկ հարկի ներքո համախմբված հարյուրավոր փոքրիկների հետ տոնը նշելու էր եկել նաև Գագիկ Ծառուկյանը՝ հայ չեմպիոնների հետ միասին:
Նախաձեռնության գլխավոր նպատակն է մեծացնել երեխաների հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, նպաստել օլիմպիական գաղափարների տարածմանը: Միջոցառման մեկնարկին փոքրիկները ներկայացրեցին օլիմպիական խորհրդանիշները, ապա զեկուցում ՀԱՕԿ նախագահին՝ մրցապայքարին մասնակցելու համար պատրաստ են:
«Երեխաներն են մեր ապագան ու վաղվա օրը կերտողները: Մեր բոլորի խնդիրը պետք է լինի նրանց համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելը»,-շնորհավորելով երեխաներին՝ նշեց Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարն ընդգծեց, որ արժանի քաղաքացիներ դաստիարակելու գործում անփոխարինելի է հատկապես մանկավարժների դերը:
«Մեր բոլորի ցանկությունը մեկն է՝ երեխաների համար կառուցել ուժեղ, հզոր, զարգացող ու բարեկեցիկ Հայաստան: Այս ճանապարհին անելիք ունի մեզանից յուրաքանչյուրը»,-նշեց ՀԱՕԿ նախագահը:
Մրցապայքարի 5 մարզաձևերում թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին ուժեղագույնները: Նրանց հետ միասին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից նվերների ու մրցանակների արժանացան մասնակից բոլոր երեխաները:
«Այս փոքրիկների շարքերում են վաղվա օլիմպիական չեմպիոններն ու հայրենիքի պատիվը բարձր պահող քաղաքացիները. նրանց տաղանդը հենց մանուկ հասակից է պետք բացահայտել»,-իրենց ելույթներում համոզմունք հայտնեցին հայ չեմպիոնները:
Հայ փոքրիկների հանդեպ ուշադրությունը շարունակական է լինելու: Ցանկությունը մեկն է՝ երջանիկ մանկություն ու արժանապատիվ ապագա աշխարհի բոլոր մանուկներին:

Այս խորագրի վերջին նյութերը